ESG բանկինգը գալիս է փրկելու մոլորակը

11.10.2021 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ESG #«կանաչ» ֆինանսավորում
Ինչպես կարող են բանկերը ստիպել կորպորացիաներին հոգ տանել շրջակա միջավայրի մասին եւ ստեղծել բարենպաստ կորպորատիվ մշակույթ ընկերության ներսում: Այս հարցերի շուրջ RBC-ն զրուցել է «Տինկոֆ»-ի փոխնախագահ Ների Տոլարդոյի եւ «Հոում Կրեդիտ» խմբի բիզնեսի գծով ղեկավար Դմիտրի Պեշնեւ-Պոդոլսկու հետ։ Ներկայացնում ենք զրույցի առանցքային հատվածները։

Ի՞նչ է ESG-ն

ESG հապավումը կարելի է բացել որպես «բնապահպանություն, սոցիալական քաղաքականություն եւ կառավարում» (environmental, social, governance): Ենթադրվում է, որ այս տեսակի բանկերը պետք է իրականացնեն «կանաչ» եւ «սոցիալապես պատասխանատու» գաղափարներ, որոնք կօգնեն պաշտպանել բանկը եւ դրա հաճախորդներին կլիմայի փոփոխության եւ սոցիալական այլ խնդիրների հետ կապված տարբեր ռիսկերից:

ESG-ի օգնությամբ բանկերը կարող են ստիպել բիզնեսին հոգ տանել շրջակա միջավայրի մասին: Եթե ընկերությունը ակտիվորեն աղտոտում է օդը կամ թափոնները սխալ տեղում գցում, ապա դրա վարկանիշը ցածր կլինի, ինչը նշանակում է, որ այդ ընկերության համար ավելի դժվար կլինի վարկավորում ստանալը: Նույնը կարող է պատահել սոցիալական եւ կորպորատիվ չափանիշներին չհամապատասխանող կորպորացիայի հետ: 2020թ.-ին MSCI ESG Research միջազգային գործակալությունը իջեցրեց «Նորնիկելի» վարկանիշը Կրասնոյարսկի շրջանում վառելիքի արտահոսքի միջադեպից հետո:

Ոմանք կարծում են, որ «կանաչ» ծրագրերում ներդրումներ կատարելը ձեռնտու է, քանի որ նման նախաձեռնություններն ավելի երկար կապրեն եւ ավելի հուսալի կլինեն:

Ո՞վ եւ ինչպե՞ս է հաշվարկում ESG վարկանիշը

Դմիտրին նշում է, որ ներկայումս կան հարյուրավոր ընկերություններ, որոնք շնորհում են ESG վարկանիշներ: Մինչ այժմ չկան հեղինակավոր գործակալություններ, իսկ յուրաքանչյուր ընկերություն ունի գնահատման իր մեթոդաբանությունը. օրինակ, կան գործակալություններ, որոնք ձեւավորում եւ հրապարակում են վարկանիշներ՝  հիմնվելով ընկերությունների մասին հանրորեն հասանելի տեղեկատվության վրա:

Ներին ավելացնում է, որ ESG-ն կարելի է դիտարկել ոչ թե իբրեւ կանոնների հավաքածու, որոնց պետք է հետեւել, այլ որպես բիզնես վարելու փիլիսոփայություն. պետք է հետեւել՝ ինչ են ցանկանում աշխատակիցները, մատակարարները, հաճախորդները եւ ներդրողները, այնուհետեւ՝ մշակել ռազմավարություններ:

Ո՞վ է հաշվի առնելու ESG վարկանիշները

Ներին կարծում է, որ էկոլոգիապես ավելի մաքուր գործունեության պահանջն եկել է օտարերկրյա ներդրողներից. անհրաժեշտ էր նրանց ցույց տալ եւ բացատրել, թե ինչպես է ընկերության զարգացման ռազմավարությունն օգնում հոգ տանել մոլորակի եւ աշխատակիցների մասին: Օրինակ՝ Norges Bank Investment Management-ը՝ Նորվեգիայի խոշորագույն ներդրումային հիմնադրամը, այլեւս ներդրումներ չի կատարում ածուխ արտադրող ընկերություններում, իսկ 2021 թվականին վաճառեց իր պորտֆելում եղած նավթագազային ընկերությունների բոլոր բաժնետոմսերը: Նման ընկերությունների համար կապիտալի ներգրավման ծախսերն արդեն ավելի բարձր են, քան 5-10 տարի առաջ:

Ի՞նչ է «կանաչ» պարտատոմսը

Դմիտրին պարզաբանում է, որ կան ինչպես «կանաչ», այնպես էլ սոցիալական ուղղվածություն ունեցող պարտատոմսեր: Մոսկվայի բորսայում նույնիսկ կա բաժին, որտեղ թույլատրվում են միայն նմանատիպ պարտատոմսեր: Երբ դրանք թողարկվում են, թողարկողը պարտավորվում է ուղղել ստացված միջոցները «կանաչ» նախագծերին, օրինակ՝ էներգախնայողության ոլորտում:

Ինչ վերաբերում է սոցիալապես պատասխանատու պարտատոմսերին, ապա արդեն երեւում է, որ նման արժեթղթերի պահանջարկը գերազանցում է սովորական պարտատոմսերինը: Ընդամենը 1-2 տարի հետո «կանաչ» եւ սոցիալական պարտատոմսերն ավելի գրավիչ կլինեն թողարկողների համար: Փորձագետները նաեւ նշել են, որ շուկայում նման արժեթղթերի հաջողության համար պահանջվում է կառավարության համապարփակ աջակցություն:

Ինչո՞ւ է բանկերի համար կարեւոր ESG սկզբունքներին համապատասխանելը

Ներիի կարծիքով՝ չնայած այն հանգամանքին, որ բանկային ոլորտն անմիջական ազդեցություն չունի շրջակա միջավայրի վրա, այն վարկեր է տրամադրում արտադրական ընկերություններին, ուստի կարող է բիզնեսին մղել կայուն զարգացման: Բանկերն ունեն նաեւ մանրածախ հաճախորդների բազմամիլիոնանոց բանակ, ուստի վարկային հաստատությունները նույնպես պատասխանատու են այն մարդկանց կրթելու համար, ովքեր կընտրեն կայուն ընկերությունների կողմից ստեղծված արտադրանքը:

Բացի այդ, բանկերը պետք է ակտիվորեն պայքարեն խարդախության դեմ: Ըստ Ներիի՝ այս խնդիրը չի լուծվի, եթե ընկերությունները սկսեն վերապատրաստել միայն իրենց աշխատակիցներին. զեղծարարներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներդնել նոր տեխնոլոգիաներ: Օրինակ, «Տինկոֆ» բջջային օպերատորը կարող է զգուշացնել բաժանորդին զեղծարարների համարների մասին: Նման տեխնոլոգիաներն օգնում են հաճախորդներին եւ սովորեցնում նրանց ավելի ուշադիր լինել:
Դիտում՝ 2943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW