ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ «պետք է ամեն ինչ անել Հայաստանում կանխիկի շրջանառությունը նվազագույնի հասցնելու համար»։Այդ նպատակով կառավարությունն այսօր հավանություն է տվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» եւ հարակից մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կարեւոր է փոփոխությունների «հակակոռուպցիոն իմաստը»: «Անկանխիկ գործարք նշանակում է հետագծելի գործարք: Գործարքների հետագծելիությունը մեզ համար պետական բյուջեի եկամուտներն ապահովելու առումով նույնպես լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում, որովհետեւ այս պարագայում հարկերից խուսափելը, շրջանցելը ավելի դժվար է դառնում եւ վարչարարությունն ավելի հեշտ է դառնում: Անկանխիկի շրջանառությունն, իհարկե, էականորեն մեծացնում է նաեւ պետական ֆինանսների օգտագործման արդյունավետությունը»,- ասել է նա։ Կառավարության ղեկավարն ընդգծել է հիմնական չորս անելիքերը ոլորտում։ Նա ասել է, որ նախ պետք է խթանել Հայաստանում ժամանակակից չափանիշներին համապատասխանող նույնականացման քարտերի շրջանառումը, երկրորդը՝ ներդրված է եւ պետք է էականորեն հեշտացնել եւ հասանելի դարձնել էլեկտրոնային ստորագրությունների կիրառումը։«Երրորդը՝ պետք է այս երկու համակարգերը կապենք բջջային հեռախոսի հետ, հեռախոսահամարի հետ: Եվ չորրորդ՝ պետք է այս ամենը կապենք մարդու ֆինանսական գործունեության հետ: Այս ուղղություններով զարգացումը շատ կարեւոր է, որպեսզի մարդը կարողանա բջջային հեռախոսով կատարել վճարումներ, ստանալ եւ վճարել գումարներ, կնքել գործարքներ»,- նշել է նա:Նիկոլ Փաշինյանն ասել է, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումը նպաստավոր արդյունքներ է ունենալու նաեւ տնտեսության, կրթության, պետական կառավարման ոլորտներում: Ըստ նախագծի հիմնավորման՝ սահմանափակումներ են դրվել կանխիկ միջոցների ծախսային եւ եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ: Նախագծով սահմանվել է, որ ՀՀ տարածքում անձանց միջեւ 2022թ. հունվարի 1-ից ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը եւ վճարի ստացումը եւ այլ գործարքները իրականացվելու են անկանխիկ ձեւով՝ աստիճանակարգված ձեւով: Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երեւան քաղաքի եւ մարզերի միջեւ ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Անկանխիկ վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի եւ սահմանվել են (Երեւան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ:Օրինագծերի փաթեթով քաղաքացիների համար կստեղծվեն պայմաններ՝ անկանխիկ վճարումների իրականացման համար: Նախատեսվել է խանութներում եւ սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրման դրույթներ: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ուժեղացնել հարկային վարչարարությունը եւ պայքարել ստվերային տնտեսության դեմ: Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաեւ անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը եւ (կամ) ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ: Նշվում է, որ անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել ստվերային եւ դրանով պայմանավորված ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ եւ այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին: Tweet Դիտում՝ 2713