Կարճաժամկետ հեռանկարում «սեւ կարապը» չի սպառնա համաշխարհային տնտեսությանը, բայց կան ֆինանսական ռիսկեր, որոնք կարող են դերակատարություն ունենալ առաջիկա 3-5 տարիների ընթացքում եւ, հնարավոր է, առաջացնել հերթական ճգնաժամը:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Նուրիել Ռուբինին (Nouriel Roubini):Ռուբինիի կարծիքով՝ այսօր անհանգստության պատճառը գնաճի մակարդակն է, անհատների, կորպորացիաների եւ պետությունների չափազանց մեծ պարտքերը, ինչպես նաեւ այն, որ շատ հարցեր պահանջում են գլոբալ համագործակցություն. կլիմայի փոփոխություն, համավարակ, գլոբալ հանրային բարիքներ, ֆինանսական կայունություն եւ այլն:«Ցավոք, երկրները միախմբված չեն աշխատում այդ խնդիրները լուծելու համար: Աշխարհաքաղաքական ամբիցիաները խանգարում են, եւ մեծ տերությունները՝ Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Եվրոպան, չեն կարող ընդհանուր մոտեցում գտնել: Մենք բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա եւ պետք է միասին փնտրենք ընդհանուր խնդիրների լուծումները, հակառակ դեպքում` դրանցից շատերը միայն կխորանան»,- ասել է տնտեսագետը:Ռուբինին կասկածի տակ է առնում նաեւ 2008 թվականի ճգնաժամի կրկնությունը` չինական Evergrande Group կառուցապատողի ֆինանսական խնդիրների ֆոնին: «Ոմանք համեմատում են այն, ինչ այժմ տեղի է ունենում Evergrande Group-ի հետ, 2008-ին Lehman Brothers բանկի փլուզման հետ: Ես համաձայն չեմ այս գնահատականի հետ: Այո, Evergrande-ը ծանր ֆինանսական վիճակում է, եւ այս հարցը վերաբերում է ոչ միայն նրանց: Չինաստանի անշարժ գույքի շուկայում ֆինանսական փուչիկ է առաջանում. կա ինչպես առեւտրային, այնպես էլ բնակելի անշարժ գույքի գերկառուցապատում, Չինաստանի ՀՆԱ-ի գրեթե 30%-ը բաժին է ընկնում անշարժ գույքի ոլորտին, որի բազմաթիվ ընկերություններ տառապում են պարտքային բեռի չափազանց բարձր մակարդակից: Եթե Պեկինին հաջողվի կազմակերպել կառավարվող անկման սցենար, եւ չինական տնտեսությունը հնարավոր լինի սառեցնել, ամեն դեպքում աճը կնվազի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, իսկ դա արդեն կարող է անդրադառնալ համաշխարհային տնտեսական աճի ցուցանիշների վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ ամեն դեպքում չարժե սպասել նույն անվերահսկելի եւ քաոսային իրավիճակին, ինչպես Lehman Brothers-ի սնանկության դեպքում:«Չինաստանի համար ֆինանսատնտեսական կայունությունն առաջին տեղում է: Սի Ծինփինը ծրագրում է հաջորդ տարի վերընտրվել երրորդ ժամկետով: Իսկ սա նշանակում է, որ Պեկինը կանի առավելագույնը համակարգի կայունությունը պահպանելու համար: Չինաստանը բավականաչափ գործիքներ ունի՝ ճգնաժամի սրացումից խուսափելու համար: Չինաստանը բավարար ռեսուրսներ ունի Evergrande-ի կառավարվող սնանկության գործարքն իրականացնելու համար»,- եզրափակել է Ռուբինին: Ներդրողների եւ բանկիրների ուշադրությունը վերջին շրջանում կենտրոնացած է Չինաստանի վրա, որտեղ Evergrande Group-ը` աշխարհում ամենամեծ պարտք ունեցող ընկերությունը, գոյատեւման պայքար է մղում: Ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, ընկերության սնանկանալու դեպքում շատ երկրների ֆինանսական հաստատություններ միլիարդավոր դոլարներ կկորցնեն, չինական անշարժ գույքի շուկան կհայտնվի խորը ճգնաժամի մեջ, եւ առնվազն 200 հազար մարդ միանգամից գործազուրկ կդառնա: Խմբի ընդհանուր պարտքն արդեն գերազանցում է $305 միլիարդը: Tweet Դիտում՝ 2548