Եկամտային հարկը կվերադարձվի 3 աշխատանքային օրվա ընթացքում

24.09.2021 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուստամ Բադասյան #ՊԵԿ #եկամտային հարկ
Եկամտային հարկի վերադարձման գործընթացը կթվայնացվի եւ կպարզեցվի։

Գործող կարգի համաձայն՝ առաջին անգամ եկամտահարկի վերադարձի համար դիմողները ներկայացնում են վարկային պայմանագիր, սեփականության իրավունքը վկայող փաստաթղթեր, բանկի, կառուցապատողի կողմից տրվող տեղեկանքներ եւ այլ փաստաթղթեր, որից հետո ամեն եռամսյակի արդյունքներով հաջորդ ամիս ներկայացվում են եկամտային հարկը վերադարձնելու դիմումներ։

Կառավարության այսօրվա նիստում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ  դիմումների սպասարկումը տեւում է 15 աշխատանքային օր, ինչի հետեւանքով առաջանում են բազմաթիվ դժվարություններ ու դժգոհություններ։

«Փոփոխության համաձայն՝ առաջին անգամ դիմելու դեպքում պետք է ներկայացնել նույն փաստաթղթերը, մեկ տարբերությամբ՝ 15 օրվա ընթացքում դիմողին տրամադրվելու է անձնական գրասենյակի օգտանուն եւ գաղտնաբառ։ Ամեն եռամսյակի արդյունքներով անձնական գրասենյակում ինքնաշխատ եղանակով երկու տվյալ է գեներացվելու՝ առաջինը ԱՔՌԱ համակարգի միջոցով վարկի վճարված տոկոսների, երկրորդը՝ վճարված եկամտային հարկի վերաբերյալ»,- ասել է ՊԵԿ նախագահը։

Ռուստամ Բադասյանը նշել է նաեւ, որ դիմումները եւս ինքնաշխատ եղանակով գեներացվելու եւ էլեկտրոնային եղանակով ներկայացվելու են հարկային մարմին։

«Գործող 15 աշխատանքային օրվա փոխարեն 3 աշխատանքային օրվա ընթացքում վճարված եկամտային հարկը վերադարձվելու է համապատասխան բանկային հաշվին, իսկ բանկային հաշիվների ճշտության ստուգման գործառույթն իրականացնելու է Կենտրոնական բանկը»,- ասել է նա։

Ռուստամ Բադասյանի խոսքով՝ համակարգը նախատեսում է ներդնել 2022թ․ հունարի 1-ից։

«Եթե 2020թ․ մենք վերադարձրել ենք 13․3 մլրդ դրամ, ապա 2021թ․ մինչեւ 8-րդ ամիս վերադարձվել է 15․3 մլրդ, շահառուների թիվը շեշտակիորեն աճել է. եթե 2020թ․ նրանց թիվը 12323 էր, ապա այժմ՝ 16101։ Հոսքն անընդհատ ավելանում է եւ սպասարկելու տեսանկյունից շատ կարեւոր է այս փոփոխությունը։ Հաջորդ եռամսյակում էլեկտրոնային համակարգը չի լինելու, բայց հաջորդ ամսվանից դիմումներն արդեն սպասարկելու ենք 15 աշխատանքային օրվա փոխարեն 3-5 օրվա ընթացքում»,- ասել է ՊԵԿ նախագահը։
Դիտում՝ 3231
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW