2020-ից մինչեւ 2025 թվականն անկանխիկ գործարքների համաշխարհային ծավալը կաճի 80%-ով, իսկ մինչեւ 2030 թվականը կեռապատկվի՝ հասնելով շուրջ 3 տրիլիոն գործարքի:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է PwC միջազգային խորհրդատվական ընկերության «Նավիգացիա վճարումների աշխարհում» զեկույցում:«2020-ից մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակահատվածում անկանխիկ գործարքների համաշխարհային ծավալը կաճի 80%-ով՝ մոտ 1 տրիլիոնից մինչեւ գրեթե 1,9 տրիլիոն գործարք, իսկ 2030-ին այն կեռապատկվի։ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճի տեմպերը կլինեն ավելի բարձր․ անկանխիկ գործարքների ծավալը 2020-ից մինչեւ 2025 թվականը կավելանա 109%-ով, իսկ 2025-ից մինչեւ 2030 թվականը՝ 76%-ով: Այս տարածաշրջանին հաջորդում են Աֆրիկան (78%, 64%) եւ Եվրոպան (64%, 39%): Այնուհետեւ գալիս է Լատինական Ամերիկան (52%, 48%), իսկ աճի ամենացածր տեմպերը կլինեն ԱՄՆ-ում եւ Կանադայում (43%, 35%)»,- ասված է փաստաթղթում:«Ամբողջ աշխարհն ենթարկվում է մասշտաբային թվային փոխակերպման, որը միայն արագացավ COVID-19 համավարակի պատճառով: Եվ քանի որ թվայնացումը առանցքային դեր է խաղում մարդկանց ֆինանսական կյանքում, էլեկտրոնային վճարումներն այս փոխակերպման էպիկենտրոնում են»,- ասել է PwC-ի Ռուսաստանի ֆինանսական շուկայում խորհրդատվության պրակտիկայի ղեկավար Արտյոմ Ասանովը:Վերլուծաբաններն ակնկալում են, որ 2030 թվականին տարբեր տարածաշրջաններում մեկ շնչին ընկնող անկանխիկ գործարքների քանակը մոտ երկու-երեք անգամ կաճի ընթացիկ մակարդակի համեմատ: Այլընտրանքային վճարման եղանակներով գործառնական եկամուտը 2020 թվականի $78 միլիարդից կաճի մինչեւ $313 միլիարդ`2030 թվականին:Փաստաթղթի համաձայն՝ բանկային, ֆինտեխ եւ վճարային ընկերությունների 89%-ը համաձայնվել է, որ անցումը էլեկտրոնային առեւտրի կշարունակի արագանալ, ուստի կպահանջվեն զգալի ներդրումներ առցանց վճարումների տեխնոլոգիաներում: Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը (97%) ակնկալում է անցում վճարումների այնպիսի ռեժիմի, որը մոտ կլինի իրական ժամանակին։ Վերլուծաբաններն ընթացող փոփոխությունների երկու զուգահեռ միտում են առանձնացրել: Դա վճարային համակարգերի էվոլյուցիան է (ակնթարթային վճարումներ, հաշիվների սպասարկում, պլաստիկ քարտեր եւ էլեկտրոնային դրամապանակներ), ինչպես նաեւ հեղափոխությունը՝ վճարումների էության կառուցվածքային ձեւափոխումը («գնիր հիմա, վճարիր հետո» առաջարկը, կրիպտոարժույթներ, կենտրոնական բանկերի թվային արժույթներ):Վճարումների ապագայի վրա ազդող մակրոմիտումների թվում նշվում են, մասնավորապես, էլեկտրոնային դրամապանակներն ու թվային արժույթները: Այսպես, սպասվում է, որ բջջային վճարումների ժողովրդականությունը կշարունակի կայուն աճել․ 2019-ից մինչեւ 2024 թվականը տարեկան աճի տեմպերը կկազմեն 23%: Փորձագետների կարծիքով՝ կենտրոնական բանկերի 60%-ը զբաղվում է թվային արժույթների ուսումնասիրությամբ, իսկ 14%-ն իրականացնում է պիլոտային ծրագրեր: Tweet Դիտում՝ 2604