Վարչապետ․ Ռուսաստանի հայությունը շարունակում է ամուր կանգնած լինել ՀՀ կողքին

20.09.2021 | 21:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկական գործարար ֆորում #Նիկոլ Փաշինյան #«Տաշիր»
Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հայկական գործարար ֆորումը, որը կազմակերպվել է Հայ գործարարների ասոցիացիայի կողմից՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ներկայացուցիչները, որոնց թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաեւ ՀՀ-ում եւ ՌԴ-ում գործունեություն ծավալող բազմաթիվ գործարարներ:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը եւ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ով ներկայացրել է առաջիկա տարիներին «Տաշիր» խմբի կողմից Հայաստանում նախատեսվող ներդրումային ծրագրերը, որոնք հասնելու են հարյուրավոր միլիոն դոլարների:   



«Այսօրվա ֆորումը վառ արտահայտությունն է այն բանի, որ Ռուսաստանի հայությունը, հայկական բիզնեսն ինչպես ամուր կանգնած եղել է, այնպես էլ շարունակում է ամուր կանգնած լինել Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության կողքին: Եվ այսօր այս ուղերձը չափազանց կարեւոր է պատմական կարեւոր այն հանգրվանում, որում մենք գտնվում ենք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կառավարության նպատակն է «հետպատերազմական վերականգնման ժամանակաշրջանի գործընթաց» ձեւակերպումը վերափոխել Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկի:

«Այս ծրագիրն իրագործելու համար ունենք բոլոր ներկաների աջակցության կարիքը, ունենք Սփյուռքի մեր գործարարների աջակցության կարիքը, մեր միջազգային գործընկերների, դաշնակիցների աջակցության կարիքը: Եվ կարծում եմ՝ այսօրվա այս պատկառելի միջոցառումը կարեւոր մեկնարկ է այս տրամադրությունը վերածելու գործնական իրողության»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Ֆորումի հիմնական նպատակներն են՝ Հայաստանի ներդրումային եւ տնտեսական ներուժի վերագործարկումը ներդրումային հոսքերի միջոցով, տարբեր երկրների եւ առաջին հերթին՝ Ռուսաստանի գործարարների հետ ավելի սերտ տնտեսական փոխգործակցության ստեղծումը, երիտասարդների շրջանում ձեռներեցության խթանումը եւ աջակցությունը երիտասարդ ձեռներեցներին, ինչպես նաեւ նոր մակարդակում երկխոսության ձեւավորումն ու հայկական գործարար համայնքի միավորումը ողջ աշխարհում: Ֆորումին ներկա է գտնվել շուրջ 500 մասնակից:
Դիտում՝ 1052
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW