ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության (CIPE, ԱՄՆ) կենտրոնի հետ համատեղ 2021 թվականի օգոստոսին մեկնարկեց Երիտասարդ ձեռնարկատերերի ամառային ակադեմիան։ Առաջին փուլը կայացել է Վայոց Ձորի մարզում օգոստոսի 15-19, իսկ երկրորդն անցկացվեց Շիրակի մարզի Գյումրի քաղաքում օգոստոսի 26-29-ը։ «Երկու փուլով անցկացված ակադեմիա-արագացված դասընթացին հետաքրքիր եւ նորարարական բիզնես գաղափարներ ունեցող տասնյակ երիտասարդ ձեռնարկատեր ստացան նոր եւ պրակտիկ գիտելիքներ ոլորտի լավագույն եւ փորձառու մասնագետներից»,- նշել են ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատում:Դասընթացներն անցկացվեցին խմբային աշխատանքների, խաղերի, իրավիճակային օրինակների եւ ինտերակտիվ հարցումների միջոցով:Դասընթացների սկզբում ծրագրի կարեւորությունը նախապես ներկայացնում էին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործառնական տնօրեն Վլադիմիր Ամիրյանը եւ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE,ԱՄՆ) հայաստանյան ներկայացուցիչ Լուիզա Այվազյանը: Իսկ գործարար բարեվարքության հիմունքները դասախոսություններով ներկայացնում էր ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ծրագրերի համակարգող Էդգար Մեհրաբյանը:Ինչո՞ւ, ի՞նչ եւ ո՞ւր արտահանել, ինչպե՞ս նախապատրաստել արտահանման փաստաթղթային եւ կոմերցիոն բաղադրիչները, արտահանման ռազմավարության եւ պլանավորման առաջնահերթ անելիքները, էլեկտրոնային առեւտրի կազմակերպումը եւ հնարավորությունները, ի՞նչ է շուկան եւ ինչպե՞ս կողմնորոշվել, ինովացիան բիզնեսում եւ այլ հարցերի մասին իրենց փորձը ներկայացրեցին ընկերությունների եւ հասարակական կազմակերպությունների փորձառու ղեկավարներ ու մասնագետներ:Կրթական գործընթացի ավարտին մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր:«Երկու փուլով կազմակերպած արագընթաց դասընթացները ցանկալի արդյունք տվեցին, ինչը վկայում են նաեւ բազմաթիվ դրական արձագանքները եւ այն մշտական դարձնելու առաջարկությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: Ակնկալվում է, որ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի հովանու ներքո համատեղ կազմակերպվող ակադեմիան դառնալու է ամենամյա: Tweet Դիտում՝ 2585