Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF-ԱՆԻՖ) դուստր ընկերությունը շարունակում է ներդրումային ծրագրերը։ ANIF-ից հայտնել են, որ ձեռնարկատերերից ստանում են բազմաթիվ հարցեր, թե ինչպե՞ս կարելի է դիմել ծրագրին մասնակցելու համար եւ որոշել են ներկայացնել առավել հաճախ տրվող հարցերի պատասխանները։ 1. Ի՞նչ նպատակով է ստեղծվել ԱՆԻՖ-ի դուստր ընկերության ներքո գործող հակաճգնաժամային ֆոնդը։ՔՈՎԻԴ 19-ի տնտեսական հետեւանքների մեղմացման հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ԱՆԻՖ-ը ստեղծեց հարթակ, որի միջոցով հայաստանյան գործարար համայնքը կարող է դիմել բիզնես ծրագրերի ընդլայնման կամ նոր նախաձեռնությունների իրականացման նպատակով ներդրում ստանալու համար։ ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ֊-ի ներքո գործում է «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդը։2. Ի՞նչ ֆինանսավորում է տրամադրվում բիզնեսներին։ Ով կարող է լինել ծրագրի շահառու։ Ընկերություններում ներդրումներն իրականացվում են ընկերության սեփական կապիտալում ներդրման միջոցով։ Ծրագրի դիտարկման եւ առաջ շարժվելու որոշման հիմքում ներկայացվող ծրագրի տնտեսական կենսունակությունն է եւ նախաձեռնողի, այն է՝ մասնավոր ձեռնարկության, առնվազն 51% բաժնեմասնակցությունը։ 3. Արդյո՞ք կան հատուկ ոլորտներ, որոնց տրվում է նախապատվություն։ Ներդրումների նպատակը տնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող, մրցունակ ոլորտների զարգացումն է: Դրանք ներառում են գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների եւ պաշտպանության ոլորտները։4. Արդյո՞ք ֆինանսավորման համար դիմած ընկերությունը կարող է մասնակցել համաֆինանսավորմանը միայն գումարով։ Ոչ: Ներդրումը, որը ծրագրի նախաձեռնող ընկերությունը պատրաստ է իրականացնել, կատարվում է ընկերության կապիտալում՝ ինչպես դրամական միջոցների տեսքով, այնպես էլ գույքի տեսքով։ Գույքի տեսքով ներդրում իրականացնելիս պահանջվում է իրականացնել գույքի անկախ գնահատում, որի պարագայում գույքի գնահատված արժեքը պետք է լինի ոչ պակաս, քան Ֆոնդի ներդրման չափն է: 5. Արդյո՞ք ներդրվող գումարը Ֆոնդը տրամադրում է միանվագ։Ֆոնդի կողմից ներդրումը կարող է իրականացվել ինչպես միանվագ, այնպես էլ տրանշերով՝ ըստ ներդրումային ծրագրի տրամաբանության, ժամանակացույցի եւ փուլերի:6. Որքա՞ն ժամանակ է Ֆոնդը մասնաբաժին ունենալու համատեղ ծրագրում։ Ֆոնդի մասնակցությունը բիզնեսում առավելագույնը կարող է լինել 10 տարի՝ սկսած 2020 թվականից: Ֆոնդի ելքը ներդրումային ծրագրից կարող է իրականացվել տարբեր ժամկետում։ Մասնավոր ներդրողն ինքը կարող է առաջարկել ելքի ժամկետը: Ելքի ռազմավարությունը՝ կախված ծրագրի առանձնահատկություններից, քննարկվում է միասին եւ ընտրվում է բիզնեսի հնարավորությունների չափով երկու գործընկեր կողմերի համար լավագույն տարբերակը: Այնուհետեւ, փոխհամաձայնեցված պայմանները ներառվում են կողմերի միջեւ ստորագրվող պայմանագրում։ Ինչպես ելքի ժամկետները, այնպես էլ ելքի մեխանիզմը քննարկվում եւ համաձայնեցվում է գործարքի սկզբնական փուլում:7. Ինչպե՞ս է որոշվում ծրագրի եկամտաբեր լինելը։Համաֆինանսավորման համար դիմող մասնավոր ներդրողից պահանջվում է ներկայացնել մանրամասն բիզնես ծրագիր, ֆինանսական հաշվարկներ եւ կանխատեսումներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ծրագրի IRR-ին՝ (եկամտաբերության ներքին շեմը)։ 8. Ներդրումներ իրականացնելուց հետո արդյո՞ք Ֆոնդը մասնակցում է ծրագրի կառավարմանը։Ներդրման արդյունքում Ֆոնդը ծրագրի ընկերությունում դառնում է բաժնետեր եւ օգտվում է ՀՀ օրենքով սահմանված բաժնետիրոջ բոլոր իրավունքներից։ Ելնելով ծրագրի առանձնահատկություններից, իրականացվում է առավել ակտիվ կամ պասիվ մասնակցություն ընկերության կառավարման հարցում։ 9. Ի՞նչ ծրագրերում է մինչ այժմ մասնակցել Ֆոնդը։Ընթացիկ եւ շուտով մեկնարկող ծրագրերից են մասնավոր բուժկենտրոնի ընդլայնման, անասնակերի աճեցման, զբոսաշրջության ոլորտում միջազգային բրենդի ներմուծման, բեռնափոխադրող ընկերության ընդլայնման եւ այլ նախագծեր:10. Արդյո՞ք միջոցները դեռ հասանելի են։Այո, միջոցները հասանելի են։ Ֆոնդի ստեղծման նպատակն է՝ շարունակական աջակցություն ցուցաբերել բիզնեսին հատկապես հետճգնաժամային շրջանում եւ նպաստել տնտեսական երկարաժամկետ արդյունքի բարելավմանը։ Դիմել կարող է ցանկացած մասնավոր ընկերություն կամ մասնավոր ներդրող՝ պայմաններին համապատասխանելու դեպքում։ Tweet Դիտում՝ 2389