Հայաստանի Ամերիկյան համալսարանը պատրաստ է աջակցել ՀՀ տնտեսության զարգացմանը

11.08.2021 | 13:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արման Խոջոյան #Հայաստանի Ամերիկյան համալսարան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի ու համալսարանի ռեկտոր Բրայան Էլիսոնի հանդիպմանն առանձնացվել են այն հիմնական խնդիրները, որոնց շուրջ կիրականացվեն համատեղ աշխատանքներ:

Դրանք են՝ արեւային էներգիան, մաքուր ջուրը, պլաստիկի օգտագործման նվազեցումն ու վերամշակող նյութերի լայնածավալ կիրառումը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեւավորել աշխատանքային խմբեր՝ պետական եւ մասնավոր հատվածի, համալսարանների ներկայացուցիչների մասնակցությամբ։   

«Մենք կրթում ենք ուսանողներին որպես առաջնորդներ եւ պետք է նաեւ վստահ լինենք, որ այդ կրթությունը կապահովի ապագային միտված նորարարություններ եւ որոշումների կայացում»,- ասել է Կարին Մարկիդեսը։

Նա նշել է, որ համալսարանը պատրաստ է իր ներդրումն ունենալ արդեն իրականացվող նախագծերին եւ հանդես գալ նոր առաջարկություններով՝ դարձնելով դրանք ավելի արդյունավետ՝ հավելելով, որ ՀՀ կառավարության գյուղատնտեսության ոլորտի հնգամյա ռազմավարությունն ուսումնասիրելուց հետո կկարողանան ավելի հստակեցնել` որտեղ եւ ինչպես կարող են օգտագործել միավորված ռեսուրսները։

Կարին Մարկիդեսն առանձնահատուկ շեշտել է համայնքներում ծրագրերի իրականացման կարեւորությունը եւ առաջարկել համատեղ ծրագրերը տեղափոխել ՀՀ մարզեր։

«Համալսարանները պետք է դիտարկվեն ոչ միայն որպես մարդկային ռեսուրսի զարգացման կենտրոններ, այլեւ որպես ամենաթարմ, նորարարական եւ գիտական տեղեկատվության կրողներ եւ փոխանցողներ, որը կարեւոր դերակատարում կունենա ճշգրիտ քաղաքականության մշակման գործում»,- իր հերթին նշել է Արման Խոջոյանը։

Նա ավելացրել է, որ մտադրություն կա միավորել համալսարանների գիտական ներուժը քաղաքականություն մշակող կառույցների հետ՝ երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու նպատակով։
Դիտում՝ 1726

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW