«100 տուն Արցախում». նոր բնակավայր ու նոր կյանքի սկիզբ

10.08.2021 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Ապրելու Արցախ» #Մեսրոպ Առաքելյան #Ռուբեն Վարդանյան
«Ապրելու Արցախ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Առաքելյանը, համահիմնադիր Մանե Թանդիլյանը եւ «Ավրորա մարդասիրական» ու «Ապագա հայկականը» նախաձեռնությունների համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այցելել են Արցախի Դահրավ գյուղ, որի մոտակայքում «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում նոր բնակավայր է կառուցվում։

 «100 տուն Արցախում» ծրագիրն իրականացվում է «Ապրելու Արցախ» հիմնադրամի եւ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» նախաձեռնությամբ։  

Ստեփանակերտից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Դահրավ գյուղին հարակից կառուցվող բնակարաններում հյուրընկալվելու են 44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի տարբեր շրջաններից տեղահանված մեր հայրենակիցները։

Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ նոր բնակավայրը կունենա նաեւ առանձին ենթակառուցվածքներ՝ դպրոց, մանկապարտեզ, մշակութային կենտրոն, քանի որ Դահրավ գյուղի կրթական կառույցները ոչ բարվոք վիճակում են գտնվում.

«Արցախի եւ Արցախում ապրելը կարեւորում ենք ոչ միայն բացառապես կացարանների առկայությամբ, այլեւ առաջին հերթին երեխաների համար որակյալ, հասանելի կրթության պայմաններ, կայուն ու հուսալի ապագա ապահովելով եւ արցախցու համար ապրելու պայմաններ ստեղծելով։ Ուստի, Արցախում՝ գյուղերում ու փոքր համայնքներում պետք է կյանքի որակը հասցնենք այն մակարդակի, որ յուրաքանչյուրը հնարավորություն ունենա կրթվել իր համայնքում, կրթական կառույցները չկենտրոնանան միայն մայրաքաղաքում եւ ունենանք համաչափ զարգացում։ Առհասարակ, մենք չենք տարանջատում Արցախը, այն մեր հայրենիքի մի մասն է, եւ հենց դրա համար էլ ապրելու գյուղեր ու քաղաքներ ստեղծելով՝ պետք է, ի վերջո, կառուցենք  ապրելու Հայաստան»։

«Շատ ոգեշնչող է տեսնել այն, ինչ այստեղ իրականացվում է։ Սա, որպես նոր բնակավայր ու նոր կյանքի սկիզբ, լավ օրինակ կդառնա շատերի համար, ու բոլորի աջակցությամբ ծրագիրն արագ կյանքի կկոչվի։ Հուսով եմ, որ այս բնակավայրը կլինի հայկական մշակույթը, արժեքներն ու ավանդույթները կրող, իր յուրահատուկ դիմագիծն ունեցող արցախյան գյուղ»,- իր հերթին նշել է Ռուբեն Վարդանյանը։

***

Դահրավում շրջայցից հետո Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը եւ Ռուբեն Վարդանյանն ուղեւորվեցին Խնածախ համայնք՝ տեղահանված Պետրոսովների ընտանիք. Պետրոսովներն «Ավրորան Արցախի համար» նախագծի շրջանակում հացաբուլկեղենի արտադրամաս են կառուցել։ Հյուրերն առաջինն էին, որ փորձեցին թարմ թխված հացն ու արցախյան ժենգյալով հացը։

«Հացը կյանքի սկիզբ է խորհրդանշում, այն կյանքի, որը մենք ապրելու ենք Արցախում»,- ասել է «Ապրելու Արցախ» հիմնադրամի հիմնադիր-անդամ Մանե Թանդիլյանն ու հավելել.

«Արցախում ապրելով ենք որոշելու Արցախի հայկական լինելու ճակատագիրը։ Պետք է գիտակցենք, որ կարեւոր պայման է բնակվել Արցախում, խոսել հայերեն Արցախում եւ շարունակել կյանքը մեր հայրենի հողում։ «100 տուն Արցախում» ծրագրի շրջանակում մենք ամեն բան անելու ենք, որ հայը կրկին հնարավորություն ունենա վերադառնալ այստեղ, որ արցախցին իմանա՝ ինքը մոռացված չէ, այստեղ իրեն սպասում են։ Այս հողը կրկին բնակեցնելն ու ապրեցնելը մեր խոցված արժանապատվության վերականգնման ճանապարհն է լինելու, եւ եթե բոլորս ունենանք այդ գիտակցումը՝ այս ծրագիրն արագ կյանքի կկոչվի»։

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարության ու «Ավրորան Արցախին» նախաձեռնության օժանդակությամբ մի շարք ծրագրեր իրականացվել են նաեւ Ստեփանակերտի «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական  կենտրոնում»։ Անդրադառնալով Կենտրոնի հետ համագործակցությանը՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշել է.

«Որպես աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարարություն՝ կենտրոնի հետ բավականին արդյունավետ ենք աշխատում, եւ սա երկու կառույցների ստացված համագործակցության լավ օրինակ է։ Կենտրոնը շատ ավելի լավ է գնահատում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, եւ շահառուները պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում ստանում են համապատասխան աջակցություն։ Մեր նպատակը մեկն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք ինտեգրվեն կյանքին եւ դառնան հասարակության լիիրավ անդամ։

«Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը» շուտով կբացի իր դռները՝ ամբողջությամբ վերանորոգված, համապատասխան սարքավորումներով եւ տեխնիկայով հագեցած սենյակներով։
Դիտում՝ 3493
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW