«Միաեղջյուրների» արագությունը, աշխարհագրությունն ու ոլորտները

10.08.2021 | 15:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Միաեղջյուրներ» #CBInsights #Money.co.uk
CBInsights վերլուծական ընկերության եւ Money.co.uk ֆինանսական պորտալի փորձագետները պարզել են, թե որ ստարտափներն են ամենաարագը հասնում $1 մլրդ գնահատմանը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Ըստ CBInsights-ի՝ հունիս ամսվա դրությամբ աշխարհում կար 728 «միաեղջյուր» ընկերություն․ այսպես են կոչվում այն ստարտափները, որոնք գնահատվում են $1 միլիարդից ավել եւ շարունակում են մնալ մասնավոր ընկերություն։ Տարեսկզբից «միաեղջյուրների» թիվն ավելացել է 221-ով: Նման ընկերությունների ընդհանուր կապիտալացումը գերազանցել է $2 տրիլիոնը:

Money.co.uk-ի վերլուծաբաններն ուսումնասիրել են՝ որ երկրներում եւ որ ճյուղերում են ընկերություններն ամենաարագը դառնում «միաեղջյուր»: Նրանք հաշվարկել են՝ որքան ժամանակ է անցել ընկերության ստեղծման եւ այն պահի միջեւ, երբ դրա արժեքը հասել է $1 միլիարդի, ու համեմատել են այդ տվյալներն ըստ ոլորտների եւ երկրների:

Երկրների շարքում առաջատարը Չինաստանն է. այստեղ «միաեղջյուրները» հասնում են առաջին $1 միլիարդին միջինում  5 տարի եւ 10 ամիս ժամկետում: Չինաստանին հաջորդում են Հոնկոնգը (6 տարի եւ 1 ամիս) ու Ճապոնիան (6 տարի եւ 3 ամիս): ԱՄՆ-ում, Ավստրալիայում եւ Սինգապուրում դա միջինում տեւում է նույնքան ժամանակ՝ 6 տարի եւ 11 ամիս:

Մեկ միլիարդ դոլարի գնահատմանը հասնելու համար ամենաերկար ժամանակը պահանջվում է Շվեյցարիային՝ մոտ 15 տարի, իսկ Կանադայի, Գերմանիայի եւ Հարավային Կորեայի դեպքում՝ 11 տարի:

Ինչ վերաբերում է «միաեղջյուրների» թվին, ապա այս ցուցանիշով առաջատարն ԱՄՆ-ն է (378), երկրորդ տեղում Չինաստանն է (155), այնուհետեւ մեծ տարբերությամբ գալիս են Հնդկաստանը (34) եւ Մեծ Բրիտանիան (31):

Ստարտափների գործունեության առավել հեռանկարային ուղղությունն ավտոմոբիլային եւ տրանսպորտային ոլորտն է: Այս բնագավառի «միաեղջյուրներին» պահանջվել է միջինում 4 տարի եւ 5 ամիս: Այնուհետեւ գալիս են արհեստական բանականությամբ զբաղվող ստարտափները՝ 5 տարի եւ 6 ամիս, ինչպես նաեւ համակարգչային սարքավորումների ոլորտում մասնագիտացած ընկերությունները՝ 5 տարի եւ 7 ամիս:

Ամենաերկարն առաջին միլիարդին հասնում են սպառողական ապրանքների եւ մանրածախ առեւտրի ոլորտների ընկերությունները (10 տարի եւ 4 ամիս), առողջապահության բնագավառին առնչվող ձեռնարկությունները (8 տարի եւ 10 ամիս) եւ ինտերնետային ծառայությունների ու ծրագրային ապահովման ոլորտում աշխատող ընկերությունները (8 տարի եւ 5 ամիս):

«Միաեղջյուրների» թվով առաջատարը ֆինտեխն է (131), որին հաջորդում են ինտերնետային ծառայություններն ու ծրագրային ապահովումը (117), ինչպես նաեւ առցանց առեւտրի եւ սպառողներին ապրանքների ուղղակի վաճառքի հատվածը (82):

Business Inside պարբերականի հաշվարկներով՝ պատմության մեջ ամենաարագ «միաեղջյուրը» Slack կորպորատիվ մեսենջերն է․ ստեղծումից մինչեւ $1 մլրդ արժեքին հասնելու համար ընկերությանը պահանջվեց ընդամենը 1 տարի եւ 3 ամիս։
Դիտում՝ 2518
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW