Էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն

06.08.2021 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԱՀ #գովազդ #հարկ
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2022-ի հունվարի 1-ից եւ վերաբերում են էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները հարկելուն։

Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայության հասկացությունը, կարգավորել Հայաստանում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողների կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձանց ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայության մատուցման դեպքում ԱԱՀ-ով հարկման հարցերը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ նախագծվել է էլեկտրոնային ծրագրի տեխնիկական առաջադրանք, որը հնարավորություն է տալու առանց որեւէ բարդության՝ էլեկտրոնային եղանակով գրանցվել հարկային մարմնում եւ ներկայացնել համապատասխան հաշվարկը:

«Այս եղանակով պոտենցիալ հարկ վճարողների հետ բանակցություններ են եղել մինչ այս փուլը եւ նրանց հետ համաձայնեցված են այդ էլեկտրոնային ծրագրի բոլոր բաղադրիչները։ Մինչ այդ պետք է հասցնել ունենալ էլեկտրոնային ծրագիրը, որպեսզի հաջորդ տարվանից նման գործարքներ կատարող ընկերությունները՝ Google-ը, Facebook-ը եւ նմանատիպ ընկերությունները, օնլայն ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք հնարավորություն ունենան ավելացված արժեքի հարկի գծով առաջացող պարտավորությունները հայտարարագրել ու վճարել»,- ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխարհի առաջատար երկրները եւս հարկում են էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները։
 
«Facebook, Google ու ընդհանրապես ինտերնետային դաշտում, եթե, օրինակ, բացում ենք նաեւ օտարերկրյա կայքեր, տեսնում ենք, որ այդ կայքերում հայկական ընկերությունների գովազդներ են տեղադրված: Այդ ընկերությունները դրա համար վճարում են: Եթե նմանատիպ գործարքներ տեղի են ունենում Հայաստանում գրանցված ընկերությունների դեպքում, առաջանում են հարկային պարտավորություններ՝ ծառայությունը մատուցողի համար, այդ գովազդներից մենք հարկեր չենք կարողանում գեներացնել: Հիմնական խնդիրը մեխանիզմի մեջ է, թե ինչպես հաշվառել այդ գործընթացը»,- ասել է նա:

Ռուստամ Բադասյանը նշել է, որ խոսքը վերաբերում է բացառապես ֆիզիկական անձանց կողմից մատուցվող ծառայություններին, կազմակերպությունների դեպքում հարցը կարգավորված է: Կառավարությունը սահմանելու է էլեկտրոնային ծառայությունների ցանկը, որոնք այս հարկման պարտականության տակ են ընկնում:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշել է, որ այս կարգավորումն ուղղված է ոչ միայն լրացուցիչ հարկային մուտքեր ապահովելուն, այլեւ մրցակցային պայմանները հավասարեցնելուն։

«Մեր հաշվարկներով, մոտավորապես առնվազն 20 մլրդ դրամ լրացուցիչ հարկ կհավաքվի»,- ասել է նա:
Դիտում՝ 3703
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW