Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ֆինանսական համակարգում կան շատ կարեւոր հարցեր, որոնց վերաբերյալ քննարկումներ եղել են, որոշումներ կայացվել են եւ պետք է մտածել նաեւ հետագա անելիքների մասին»: Այս մասին նա նշել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանին ներկայացնելիս:Հետագա անելիքների հետ կապված Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է երկու ուղղություն.«Առաջինը՝ պետական գնումների համակարգի շարունակական լավարկումն է, որովհետեւ այդտեղ մենք երկու կարեւոր խնդիր ունենք: Առաջին խնդիրը, որպեսզի մեր նպատակները, ընդունված ծրագրերը կարողանանք արդյունավետ կերպով եւ հնարավորինս օպերատիվ եւ որակով իրականացնել: Մյուսը՝ այնպես անել, որ այս նպատակադրումը ներդրումների, պետական ներդրումների եւ մասնավորապես՝ կապիտալ ներդրումների համար արգելակ չդառնա: Պետք է ասել, որ սա պարզ խնդիր չէ եւ չունի պարզ լուծումներ: Շատ կարեւոր եմ համարում այս ուղղությամբ այս ընթացքում արած մեր աշխատանքի վրա եզրակացություններ անելը եւ ինչ-որ որոշումներ կայացնելը: Երկրորդ ուղղությունը՝ պետական պարտքի կառավարման հարցն է: Եվ եթե մի քիչ ավելի կոնկրետացնեմ՝ մեր ֆիսկալ տարածքների ավելի արդյունավետ կառավարման հարցն է, որը նույնպես պարզ հարց չէ: Այստեղ էլ լրջագույն անելիքներ ունենք: Իհարկե, շատ լրջագույն անելիքներ արված են, բայց մենք այստեղ, կարծում եմ, դեռեւս չենք կարողացել հասնել ճշգրիտ բալանսների: Չգիտեմ էլ, դա ընդհանրապես հնարավոր է, թե չէ, բայց, այնուամենայնիվ, հարցը՝ որպես օրակարգային, պիտի ձեւակերպվի»: Կառավարության ղեկավարի խոսքով` առկա փոխադարձ վերաբերմունքը, մթնոլորտը եւ նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունն ու կուտակված փորձի վրա հիմնված եզրակացություններին ականջալուր լինելը շատ լավ նախադրյալներ են ստեղծում, որպեսզի այս գործընթացին հնարավոր լինի նոր լիցք հաղորդել եւ կոնկրետ հանգրվանների հասնել: Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ Ատոմ Ջանջուղազյանի հետ գործընկերությամբ առաջիկայում նույնպես նախարարությունը կաշխատի առավելագույն արդյունավետությամբ: Tweet Դիտում՝ 2028