Բացահայտվել է $45 միլիոն արժողությամբ հերոինի խոշոր խմբաքանակ

30.07.2021 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #մաքսանենգություն #հերոին
2021 թվականի հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչություն օպերատիվ տեղեկություն է ստացվել առ այն, որ Իրանից Եվրոպական միության երկրներ հերոին տեսակի թմրամիջոցի ապօրինի փոխադրմամբ զբաղվող անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի կողմից նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքներով տարանցիկ տեղափոխել հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ:

ՊԵԿ-ում որոշում է կայացվել իրականացնել տարածաշրջանում նախադեպը չունեցող եւ առաջին անգամ իրականացվող միջոցառում` միջազգային վերահսկելի մատակարարում: Կայացված որոշման մասին, Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին օրենքի 256-րդ հոդվածին համապատասխան, անհապաղ տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ուկրաինայի եւ Վրաստանի ոստիկանությունների հետ 24-ժամյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների համատեղ իրականացման վերաբերյալ:

Օպերատիվ-հետախուզական աշխատանքներին  ներգրավվել են  ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Վերջիններիս իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական եւ օպերատիվ-տեխնիկական միջոցառումների արդյունքում թմրանյութ տեղափոխող բեռնատարը ՀՀ տարածքով տարանցիկ անցնելու ամբողջ ընթացքում գտնվել է իրավապահների տեսադաշտում:

Միջոցառման իրականացման գործում մասնակցությունն են ունեցել  նաեւ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցներն ու ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության` Թբիլիսիում տեղակայված տարածաշրջանային գրասենյակը: Շուրջ 20 օր տեւած օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում Վրաստան, իսկ այնուհետեւ Ուկրաինա է գործուղվել նաեւ ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ներկայացուցիչը:

2021 թվականի հուլիսի 4-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած 20 տոննա քաշով հրակայուն աղյուս տեղափոխող բեռնատարը, որը համաձայն ստացված օպերատիվ տեղեկության, պետք է փոխադրելիս լիներ հերոին տեսակի թմրամիջոց, Հայաստանի, Վրաստանի, իսկ այնուհետեւ Ուկրաինայի իրավապահ մարմինների օպերատիվ ուղեկցման ներքո Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի տարածքներով ուղեւորվեց Փոթիի նավահանգիստ, որտեղից էլ նավով` Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգիստ, ուր հասնելուն պես տրանսպորտային միջոցը մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ:

Անդրազգային կազմակերպված հանցավոր խմբի անդամներ հանդիսացող Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացու  կողմից Կիեւում վարձակալվել է պահեստ: Որպես թմրամիջոցի թաքստոց, մաքսազերծումից հետո հենց այդ պահեստ է տեղափոխվել, բեռնաթափվել  ու պահեստավորվել օգտագործված ապրանքը:

Հուլիսի 22-ին Ուկրաինայի իրավապահ մարմինները, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ մուտք են գործել Կիեւում գտնվող պահեստ, որտեղ հայտնաբերվել է Իրանից Ուկրաինա տեղափոխված` 368 կգ ընդհանուր քաշով հերոին տեսակի թմրամիջոցի 1164 փաթեթ:

Նույն օրը Կիեւում ձերբակալվել են Թուրքիայի  վերոնշյալ քաղաքացիները: Հայտնաբերված թմրամիջոցը նախատեսվում էր փոքր խմբաքանակներով առաքել Եվրոպական միության երկրներ:

Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացիները ձերբակալվել են: Այս քրեական գործի շրջանակներում մի քանի օր անց Կիեւում ձերբակալվել է նաեւ Թուրքիայի մեկ այլ` 1948թ. ծնված քաղաքացի: Այս պահին իրականացվում է նախաքննություն:

Հայտնաբերված թմրամիջոցի արժեքը սեւ շուկայում հասնում է մոտ 45 միլիոն ԱՄՆ դոլարի:

«Միջազգային վերահսկելի մատակարարումը Միավորված ազգերի կազմակերպության  «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված միջոցառում է, որն իրականացվում է բոլոր այն երկրների իրավապահ մարմինների միջեւ համաձայնություն ձեռքբերվելու պարագայում, որոնց տարածքներով նախատեսվում է տեղափոխել թմրամիջոցը: Այս միջոցառման գլխավոր նպատակն է հայտնաբերել եւ օրենքի առջեւ պատասխանատվության ենթարկել թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառության մեջ ներգրավված անձանց հնարավորինս մեծ շրջանակ»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1551
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW