Կորոնավիրուսի եւ ռազմական դրության հետեւանքով ստեղծված պայմաններում երկրում պարենային անվտանգության ապահովման նպատակով կառավարությունն աշնանացան ցորենի սերմերի գինը սուբսիդավորելու կամ փոխհատուցելու որոշում է ընդունել:Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2020թ. նախորդ տարվա համեմատ աշնանացան ցորենի ցանքատարածությունները նվազել են 1%-ով, իսկ միջին բերքատվությունն ու համախառն բերքն ավելացել համապատասխանաբար 15,3%-ով եւ 17%-ով։ Վերջին տարիներին հանրապետությունում նվազել է ցորենի ինքնաբավության մակարդակը՝ 2019-ին այն կազմել է 25,9% 2015 թվականի 49,5%-ի դիմաց։ Միաժամանակ, վերջին 5 տարիներին տարեկան ներմուծվել է 280,2 – 349,7 հազար տոննա ցորեն։ Կառավարությունից հայտնում են, որ գործող ծրագրի շրջանակում նախատեսված էր շուրջ 5000 տոննա աշնանացան ցորենի սերմերով ցանքի իրականացում։ Փաստացի պետական աջակցությամբ իրացվել է շուրջ 4100 տոննա։ Ըստ այդմ՝ առաջարկվում է բոլոր մարզերում 1-100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաեւ ցանք կատարելու համար արտադրված եւ/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա եւ/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Այս գործընթացը կիրականացնի էկոնոմիկայի նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Ծրագրի ռիսկերը մեղմելու նպատակով պարտադիր պահանջ է դրվել միայն պիտակավորված, ախտահանված եւ ՀՀ–ում հավատարմագրված լաբորատորիաներում փորձաքննություն անցած սերմերի վաճառքն ու ցանքը: Ծրագրին չեն կարող դիմել կառավարության համապատասխան որոշումների շրջանակում արձանագրված խախտումներ կատարած մատակարարները եւ/կամ շահառուները։ Բացի այդ փոփոխվել է նաեւ ցանքատարածությունների նվազագույն եւ առավելագույն թույլատրելի շեմը՝ 2-20 հա–ի փոխարեն 1-100 հա եւ նախկին 7 մարզի փոխարեն ընդգրկվել են բոլոր մարզերը։ Որոշման ընդունման կապակցությամբ 2021թ. պետբյուջեում ծախսերը գնահատվում են շուրջ 329,0 մլն դրամ։ Արդյունքում հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի կբարձրանա՝ շուրջ 30%-ով։ Tweet Դիտում՝ 3532