Սույն թվականի հուլիսի 13-ին ՀՀ նախագահը ստորագրեց «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում (ՊՄԳ օրենք) եւ հարակից օրենքներում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը:Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ), որն ակտիվ մասնակցություն է ունեցել փաթեթի մշակման աշխատանքներին, տեղեկացնում է, որ փոփոխությունների արդյունքում ներդրողները (մասնավոր գործընկերները) կարող են հանդես գալ պետության կողմից սահմանված ոլորտներում ՊՄԳ ծրագիր իրականացնելու առաջարկով։ Այդուհանդերձ, մասնավոր նախաձեռնությամբ ՊՄԳ ծրագրի առաջարկը ենթակա է իրավասու մարմնի կողմից գնահատման որոշակի խիստ չափանիշներին համապատասխանության դեպքերում։ Այն է. 1) մասնավոր նախաձեռնողը պետք է ունենա տվյալ ոլորտում ձեռնարկատիրական գործունեության՝ ՊՄԳ ընթացակարգով սահմանված փորձ,2) առաջարկը պետք է ներառի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում (pre-feasibility study) կամ տեխնիկատնտեսական ուսումնասիրություն,3) առաջարկվող ծրագրի շահութաբերությունը պետք է համապատասխանի ՊՄԳ օրենքով սահմանված չափին,4) մասնավոր նախաձեռնողը պետք է ստանձնի անհետկանչելի պարտավորություն:«Նախկին իրավակարգավորումներով ոչ միայն նախատեսված չէին մասնավոր առաջարկի հիման վրա ՊՄԳ ծրագիր իրականացնելու հնարավորությունները, այլեւ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերը կարգավորում էին «Գնումների մասին» օրենքով։ Այս փոփոխությամբ նշյալ ընթացակարգերը նույնպես բերվել են ՊՄԳ օրենքի դաշտ եւ փաստացի ստացվել է ՊՄԳ իրավահարաբերությունները կարգավորող միասնական օրենք, ինչն ավելի պարզ է դարձնում օրենսդրությունը նաեւ օտարերկրյա ներդրողների համար»,- ասված է հաղորդագրության մեջ: ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանի համոզմամբ՝ սա կարեւոր քայլ է Հայաստանում ներդրումների խթանման ուղղությամբ.«Պետություն-մասնավոր գործընկերությունը (public private partnership) արդյունավետ գործող ֆորմատ է զարգացող եւ զարգացած երկրներում։ Հատկապես զարգացող երկրներում ներդրումների ներգրավումը լրացուցիչ ջանք է պահանջում, այդ թվում՝ պոտենցիալ ներդրողի համար գրավչություն ունեցող ոլորտներում ներդումային առաջարկի, եւ դրա իրականացման ընթացակարգի մաքսիմալ հստակեցումը։ ՊՄԳ շրջանակներում համատեղ ծրագրերը նաեւ պետության հանդեպ ներդրողի վստահության ամրապնդման եւ պետության տնօրինության տակ գտնվող ձեռնարկություններում կամ ոլորտներում մասնավոր ներդրումներ ներգրավելու արդյունավետ գործիք են։ Օրենքում փոփոխությունը հնարավորություն է տալիս թե՛ նման ներդրումներ ներգրավելու, թե՛ ներդրողի համար համապատասխան խիստ, բայց իրատեսական ու հստակ չափանիշներ սահմանելու»։ Tweet Դիտում՝ 2934