Deutsche Bank-ը մեղադրվում է ֆինանսական բուրգի հաշիվները վարելու համար

26.07.2021 | 11:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Deutsche Bank #Madison Asset #Biscayne Group
Deutsche Bank AG-ն երկար տարիներ աչք էր փակում իր քթի տակ գոյություն ունեցող ֆինանսական բուրգի վրա, պնդում են արբիտրաժային կառավարիչները, որոնք մասնակցում էին երկու սնանկ ներդրումային ֆոնդերի լուծարման գործընթացին, գրում է «Ինտերֆաքս»-ը:

Գերմանական բանկը շարունակում էր վարել ներդրումային ֆոնդերի հաշիվները, չնայած բազմաթիվ ահազանգերին, ինչպես նաեւ ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (SEC) կողմից նրանց նկատմամբ կիրառված սահմանափակող միջոցներին, ասված է Նյու Յորքում եւ Ֆլորիդայում Deutsche Bank-ի դեմ ներկայացված դատական հայցերում:

Բանկը «թույլ է տվել իրականացնել խոշոր չափի հափշտակումներ», որոնց արդյունքում ներդրողները կորցրել են հարյուր միլիոնավոր դոլարներ, նշված է դատարանի փաստաթղթերում, որոնց վրա հղում է կատարում Bloomberg-ը:

Կայմանյան կղզիներում գրանցված Madison Asset-ը եւ Biscayne Group-ը պարտքերը թաքցնելու համար օգտագործում էին կեղծ ընկերություններ եւ հաշիվներ Deutsche Bank-ում՝ նոր կապիտալ ներգրավելով արդեն իսկ սնանկացած ընկերությունների համար: Նոր ներդրողներից ստացվող միջոցներն օգտագործվում էին պարտքերը մասամբ մարելու, վաղ ներդրողներին խրախուսելու եւ անշարժ գույքի անշահավետ ընկերությունը գործի մեջ պահելու համար, ինչպես նաեւ միջոցներ էին փոխանցվում բուրգի շահառուներին:

Ֆոնդերի հետ կապ ունեցող երկու անձինք արդեն իրենց մեղավոր են ճանաչել ԱՄՆ-ում փողերի լվացման մեղադրանքով, ընդ որում, նրանցից մեկը Madison Asset-ի անունից հաշիվ է բացել Deutsche Bank-ում: Դատական հայցերից մեկում պնդվում է, որ դեռեւս 2016-ի սկզբին բանկի աշխատակիցները կասկածելի ակտիվություն են հայտնաբերել ընկերությունների հաշիվների հետ կապված, սակայն ֆինանսական ինստիտուտը չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ խնդիրները վերացնելու համար: Deutsche Bank-ը շարունակում էր սպասարկել հաշիվը նույնիսկ այն ժամանակ, երբ 2016-ի մայիսին SEC-ը պահանջեց, որ Biscayne-ը դադարեցնի իր գործունեությունը:

Deutsche Bank-ը տեղեկացրել է, որ «2016-ին եւ 2017-ին մի շարք տեղեկատվական հայցադիմումներ է ներկայացրել Madison-ի կողմից ղեկավարվող կազմակերպություններին, սակայն դրանք կամ մնացել են անպատասխան, կամ պատասխանները թերի են եղել»: Քանի որ կազմակերպությունները չեն կարողացել բանկին տրամադրել իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը, վերջինը 2017-ի օգոստոսին տեղեկացրել է Madison-ին ընկերության հաշիվը փակելու մասին։

«Վերջին տարիներին Deutsche Bank-ը բազմիցս մեղադրվել է այն բանի համար, որ չի կարողացել համապատասխանեցնել իր փորձը փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում եղած պահանջներին եւ միլիարդավոր դոլարներ է վճարել տարբեր հայցեր կարգավորելու համար»,- գրում է պարբերականը:
Դիտում՝ 2109
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW