Քննարկվել է գյուղոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը
23.07.2021 | 17:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


«Խոսքը գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն միտված ծրագրերի մասին է, որոնց բովանդակության հիմքում այդ տնտեսությունների զարգացումն է: Կփորձենք հասկանալ, թե ինչքանով են ծրագրերն աշխատում եւ ինչ պիտի անենք, որպեսզի դրանք հասցեական, հասանելի, արդյունավետ դարձնենք՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման իմաստով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը զեկուցել է, որ պտուղ-բանջարեղենային պահածոների եւ մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59%-ով: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ-բանջարեղեն: Այս ցուցանիշը 2020-ի նույն ժամանակաշրջանում պակաս է եղել 2 անգամ:
Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում գործում է զարգացման 14 ծրագիր, որոնց թվում են՝ լիզինգի, այգեգործության եւ ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության/անասնապահության, հումքի մթերման, արտադրության եւ արտահանման, գինեգործության, սուբսիդավորվող վարկերի տրամադրման, աշնանացան ու գարնանացան ցորենի մշակման եւ այլն:
«Լիզինգի գործիքը տրամադրվում է գյուղատնտեսական տեխնիկայի եւ ագրովերամշակման սարքավորումների համար: Ծրագրի մեկնարկը եւ իրականացումը գնահատում ենք բավականին լավ, ցուցանիշները մեզ բավարարում են: Նաեւ ուրախալի է, որ լիզինգի գործիքի հաջող կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծել մասնագիտական ասոցիացիաներ, որոնց հետ համագործակցելով եւ օրենսդրական բարեփոխումների միջոցով կարողանում ենք ավելի նպատակային դարձնել ծրագիրը»,- ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ այս ծրագրով վերամշակման սարքավորումների համար նախատեսված սահմանաչափը 450 մլն դրամից բարձրացվել է մինչեւ 1մլրդ դրամի:
Անդրադառնալով ինտենսիվ այգեգործության զարգացմանն ուղղված ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ ընթացիկ տարում նույնպես գործընթացը գոհացնող է: 2020 թվականին ծրագրի շրջանակում հանրապետությունում հիմնվել է 518,6 հեկտար այգի, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 350,7 հեկտար:
Ինչ վերաբերում է գյուղապահովագրության ծրագրին՝ Արման Խոջոյանը հայտնել է, որ նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում պայմանագրերի թիվն ավելի է 3 անգամ։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է գյուղոլորտի արտադրողականության բարձրացումն ու ընդգծել այդ ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության ապահովման անհրաժեշտությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: