Հայաստանը կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» ցուցահանդեսին

20.07.2021 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դուբայ ԷՔՍՊՈ #Հայաստան

Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին։ Այն տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 1-ից 2022թ․ մարտի 31-ը՝ ԱՄԷ Դուբայ քաղաքում։

Ավելի վաղ ցուցահանդեսը հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների պատճառով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նշել են, որ էքսպոյին մասնակցելու է 192 երկիր, ինչը մինչ այժմ կազմակերպված էսքպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ․ 6 ամիս շարունակ աշխարհի բոլոր երկրները հյուրընկալվում են մեկ տանիքի տակ՝ ներկայացնելով որպես պետություն իրենց գրավչությունները։ Կազմակերպիչներն ակնկալում են տեղացի եւ արտասահմանյան հյուրերի շուրջ 25 մլն այցելություն։

ՀՀ վարչապետի որոշմամբ «Դուբայ ԷՔՍՊՈ-2020»-ին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար է նշանակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Էմիրաթական կողմի հետ բանակցությունների արդյունքում ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից Հայաստանի մասնակցության համար տրամադրվել է աջակցության փաթեթ եւ հատուկ պայմաններ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ աջակցության փաթեթը կազմում է շուրջ $1,5 միլիոնին համարժեք գույքի եւ ծառայությունների անվճար տրամադրում։

«Դուբայ ԷՔՍՊՈ-2020» միջազգային ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարբեր երկրների եւ ժողովուրդների մշակութային, կրթական, գիտական, տնտեսական արժեքները եւ ժառանգությունը։ Յուրաքանչյուր պատվիրակություն ցուցահանդեսին ներկայացված է լինելու 11 տարբեր թեմաներով։

Ցուցահանդեսային տարածքը բաժանված է լինելու 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝ «Կայունություն», «Շարժունություն» եւ «Հնարավորություն»։ Հայաստանի տաղավարը տեղակայված է լինելու «Հնարավորություն» հատվածում։

Ցուցահանդեսային 11 թեմատիկ շաբաթների ընթացքում Հայաստանն առաջադեմ տեխնոլոգիական աշխարհին կներկայանա իր պոտենցիալով, ներդրումային հնարավորություններով, ինչը նոր գործարար կապեր ստեղծելու եւ մշակութային ժառանգությունը գովազդելու իրական հնարավորություններ կարող է ապահովել։  
««Դուբայ ԷՔՍՊՈ-2020»-ի ընթացքում կկազմակերպվի նաեւ Made in Armenia քառօրյա ցուցահանդեսը, որին կմասնակցեն հայկական ընկերությունները։ Այն հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնել հայկական ապրանքներն ու ծառայությունները համաշխարհային շուկայում, այլեւ ստեղծել բիզնես կապեր, գտնել օտարերկրյա գործընկերներ ու ներդրողներ։ Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է հայկական ապրանքների եւ հայկական խոհանոցի ցուցադրում, ինչպես նաեւ հատուկ նախատեսված վայրերում արտադրանքի վաճառք»,- հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունում:

Հայաստանի մասնակցության կոնցեպտի հիմքում դրվել է «Էթնոթեք» գաղափարը․ Հայաստանն աշխարհին կներկայանա էթնիկ առանձնահատկություններով եւ տեխնոլոգիական հավակնություններով։ Նույն սկզբունքով էլ մշակվել է տաղավարի կոնցեպտը։

Դիտում՝ 2116
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW