Երեւան /Մեդիամաքս/. Վերջին տասնամյակում բջջային հաղորդակցության ոլորտում զարգացող բջջային լրացուցիչ## ծառայություններն արդեն մի քանի տարի է մուտք են գործել նաեւ Հայաստան: Քառանիշ կարճ համարներով իրականացվող քվերակություններին, տարաբնույթ վիկտորինաներին ու այլ նախագծերին այսօր արդեն գումարվուն են մարկետինգային խնդիրների լուծմանն ուղղված կոմերցիոն նախագծերը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հարցազրույց լրացուցիչ բջջային ծառայությունների ոլորտի առաջատար դերակատարներից մեկի` “Մոբբիս” ընկերության (www.mobbis.am) տնօրեն Հովհաննես Քեշիշյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությանն ու Bank.am պորտալին:- Ի՞նչ տեղ ունեն լրացուցիչ բջջային ծառայությունների ոլորտում կոմերցիոն նախագծերը Հայաստանում, ինչպիսին է գործարար շրջանակների վերաբերմունքը: - Լրացուցիչ բջջային ծառայությունների ոլորտը Հայաստանում սկսեց ձեւավորվել ընդամենը 1.5 տարի առաջ, երբ մեր բջջային օպերատորները հնարավորություն ընձեռեցին այդպիսի գործունեություն սկսել: Հայաստանում այս տեխնոլոգիաներով առաջարկվող ծառայություններից առայժմ, թերեւս, ամենանկատելին են ԶԼՄ-ներով գովազդվող զանազան sms քվեարկությունները, վիկտորինաները եւ այլն: Սակայն իրականում դրանք ընդամենը ամենապարզ ու ժամանցային բնույթ կրող ակցիաներն են ու կորպորատիվ խնդիրներ քիչ են լուծում: Ի տարբերություն Հայաստանում այս ոլորտում ծառայություններ մատուցող սակավաթիվ այլ ընկերությունների, որոնք հիմնականում զբաղված են ժամանցային ու զվարճալի ծառայությունների եւ առավելապես ռուսական շուկայից ներմուծված կոնտենտի առաջարկմամբ, “Մոբբիսի” սկզբունքները մի փոքր այլ են:“Մոբբիս” ընկերությունը հիմնադրվել է 2006թ. եւ հանդիսանում է ռուսական СМС ЦЕНТР ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում: Կազմակերպությունն իր հիմնական առաքելությունն է համարում տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարումը, կազմակերպության եւ նպատակային խմբերի միջեւ ինտերակտիվ կապի ապահովումը: Մինչեւ Հայաստանում գործունեություն սկսելը մոտ 1 տարի մանրամասն ուսումնասիրել ենք ոլորտը, Ռուսաստանի ու եվրոպական մի շարք երկրների փորձը: Այսօր մենք շահեկանորեն տարբերվում ենք մրցակիցներից, քանի որ ծրագրավորողների առանձին թիմ ունենք, ովքեր աշխատում են Հայաստանում: Մեր տեխնիկական հիմնական միջոցները եւս գտնվում են Հայաստանում: Նման մոտեցումը մեզ հնարավորություն է ընձեռում առավել կարճ ժամկետներում առաջարկել լուծումներ, որոնք առավելագույն կերպով կբավարարեն հաճախորդի պահանջներին, հաշվի առնելով դրանցից յուրաքանչյուրի տեխնիկական առանձնահատկությունները:Մեր կոմերցիոն նախագծերը շատ բազմաբնույթ են` հեռուստա եւ ռադիո նախագծեր, բջջային տեխնոլոգիաներով կազմակերպվող գովազդային ակցիաներ, բանկ-հաճախորդ ինտերակտիվ կապի ապահովում եւ այլն:Որոշ ժամանակ առաջ գործարար հատվածը մի տեսակ չփորձված երեւույթի հետ գործ չունենալու կեցվածք ուներ: Այդուհանդերձ, սառույցը, կարելի է ասել, շարժվել է, եւ հաճախ հենց նույն կազմակերպությունները, որոնք ընդամենը 2-3 ամիս առաջ որոշում էին ձեռնպահ մնալ, իրենք են նախաձեռնություն հանդես բերում` օր առաջ կիրառել նոր լուծումներ եւ մարկետինգային նոր գործիքներ:- Որո՞նք են հատկապես հաջողված նախագծերը: - Բոլորովին վերջերս Մոսկվայում “Մոբբիսը” Sputnik Labs ընկերության հետ հայտարարեցին համատեղ մշակված լուծման մասին, որը համակարգում է հաճախորդների կոնտակտային տվյալները SMS-ի միջոցով: Լուծումը մշակվել է Microsoft Dynamics CRM պլատֆորմի հիման վրա: Microsoft Dynamics CRM համակարգում ներդրված SMS ծանուցման մոդուլը հնարավորություն է ընձեռում ավտոմատացնել հաճախորդներին` SMS-ի միջոցով ծանուցումը, գրանցել և վերամշակել CRM համակարգում ստացված հաճախորդների SMS արձագանքները և ավտոմատ կերպով կրկնել SMS հաղորդագրության ուղարկումը, վերահսկել հաղորդագրության առաքումը:Համագործակցելով “Մեդիամաքս” եւ “Ավիաինֆոտել” ընկերությունների հետ` մենք գործարկեցինք մի նախագիծ, որի միջոցով Հայաստանի բջջային կապի բաժանորդները 1500 կարճ համարին հաղորդագրություն ուղարկելով կարող են իմանալ ցանկացած չվերթի ժամանման, մեկնման, կամ ուշացման վերաբերյալ տեղեկություններ: Տվյալ դեպքում մեր եւ “Զվարթնոց” օդանավակայանի տեղեկատվական տերմինալի տեխնիկական համակարգերը աշխատում են ինտեգրված ռեժիմով: Կրկին տեխնիկական ինտեգրված համակարգերի գործարկման շնորհիվ բաժանորդը կարող է 1500 կարճ համարին ուղարկել պահանջվող կոդը եւ Հայաստանի Ֆոնդային Բորսայից ստանալ կոնկրետ պահին բորսայում դոլարի կամ եվրոյի իրական փոխարժեքը, կամ տեղեկանալարժեթղթերի առք ու վաճառքի ընթացքին: Վերջին շրջանի հաջողություններից ենք համարում “HSBC բանկ Հայաստանի” հետ համագործակցությունը: Բանկը, օգտագործելով մեր ընկերության հեղինակային www.mobipace.com միջազգային sms, mms, wap push փոխանցման համակարգը իր հաճախորդներին պարբերաբար տեղեկացնում է բանկի նորությունների, առաջարկվող նոր ծառայությունների մասին: Բավական հաջողված է նաեւ “Հայկական Երկրորդ հեռուստաալիքի” հետ անցկացվող “minimania sms աճուրդը” (www.minimania.am): Մասնակցելով այս աճուրդ-խաղին` բջջային կապի յուրաքանչյուր բաժանորդ հնարավորություն է ունենում ձեռք բերել ամենատարբեր թանկարժեք ապրանքներն իր իսկ կողմից առաջարկված գումարով, որը ճանաչվում է միակը եւ ամենացածրը` բոլոր առաջակված գումարների մեջ:Մեր հաճախորդների թվում շատ են նաեւ տարբեր ֆիրմային խանութ-սրահները, որոնք մեր համակարգերի միջոցով կարողանում են իրենց հաճախորդներին մշտապես ապահովել թարմ տեղեկատվությամբ խանութում գործող ակցիաների, զեղչերի, նոր ապրանքատեսակների վերաբերյալ:-Ի՞նչպես է արձագանքում ֆինանսական ոլորտը կոմունիկացիոն նոր հնարավորություններին: - Ներկայում մեծ հետաքրքրություն է սկսում ցուցաբերել հատկապես բանկային ոլորտը. մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք հնարավորություն են տալիս բանկերին առավել արդյունավետ դարձնել իրենց հաճախորդների հետ աշխատանքը, բանկ-հաճախորդ կապը վեր հանելով տեխնոլոգիական նոր մակարդակի վրա:Հիմնական մարտահրավերը ֆինանսական ոլորտի կազմակերպությունների մոտ վստահության մթնոլորտի ձեւավորումն է, որը կարծես վերջին շրջանում հաջողվում է: Գաղտնիք չէ, որ այս ոլորտում ռիսկերի գնահատումը առաջնային նշանակություն ունի: Կարող եմ ասել, որ մենք կարողացել ենք վստահություն ներշնչել ֆինանսական շուկայի այնպիսի ճանաչված դերակատարներին, ինչպիսիք են “HSBC բանկ Հայաստանը” եւ ռուսաստանյան խոշորագույն ներդրումային ընկերություններից մեկը` “Տրոյկա Դիալոգը”:-Ի՞նչ խոչընդոտներ կան բիզնես ոլորտում լրացուցիչ բջջային ծառայություններն ավելի ակտիվ դարձնելու համար: - Խնդիրները բաժանվում են երկու մասի` տեխնիկական եւ կադրային: Տեխնիկական գլխավոր խնդիրը Հայաստանում ինտերնետ կապի որակն է: Տեխնիկական առանձնահատկությունները եւ գինը շարունակում են մնալ ոչ բավարար մակարդակի վրա: Մյուս խնդիրը բջջային կապի օպերատորների գործունեության բարելավման հետ է կապված: Մեր ծառայությունների իրականացման տեխնիկական հիմնական բաղադրիչները համակցված են բջջային կապի օպերատորներին եւ նրանք շատ կարեւոր օղակ են: Խնդիրները հիմնականում առնչվում են բջջային կապի օպերատորների տեխնիկական հագեցվածության, տարբեր բնույթի ծառայությունների գործարկման զուտ տեխնոլոգիական հնարավորություններին, օպերատորների բիլինգային համակարգերի արդիականացմանը, տեխնիկական պատասխանատվության մակարդակի բարձրացմանը եւ այլն: Իհարկե,1.5 տարվա մեջ որոշակի առաջընթաց գրանցվել է, օպերատորներն աշխատում են այս ուղղությամբ, քանի որ լրացուցիչ ծառայությունները բավականին լուրջ լրացուցիչ եկամուտներ են ապահովել, սակայն արդիականացման տեմպերը ցանկալիից դանդաղ են:Ինչ վերաբերում է կադրային խնդիրներին, պետք է ընդգծել, որ եթե մեր ընկերությունը հաջողել է ձեւավորել բավարար կադրային ռեսուրս, որն ի զորու է պլանավորել եւ մշակել շուկայում պահանջարկ ունեցող ծառայությունների ու լուծումների տեսականի, ապա ընդհանուր առմամբ բիզնես ոլորտի կազմկերպություններում մարկետինգի լուրջ եւ պատրաստված մասնագետների պակասն ակնհայտ է: Շատ հաճախ, բականան խոշոր եւ կայացած ընկերություններում պարզապես չկան նման մասնագետներ, կամ այդ հարցերով զբաղվում են մարդիկ, ովքեր առհասարակ տեղեկություններ չունեն մարկետինգային խնդիրների լուծման հնարավոր եղանակների մասին, առավել եւս` բջջային տեխնոլոգիաների կիրառմամբ: Այդ է պատճառը, որ բոլոր այն ընկերությունները, որոնք լուրջ ուշադրություն են դարձնում իրենց մարկետինգային ստրաբաժանումներին, ունեն արտերկրում կրթված, կամ վերապատրաստում անցած մասնագետներ, շատ ավելի արագ են արձագանքում նոր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, հստակ գիտակցում են դրանց օգուտները եւ պատրաստակամ են փոխշահավետ համագործակցության: Մենք, իհարկե, փորձում ենք հնարավորինս օգնել մեր հաճախորդներին, նրանց հետ քննարկելով իրենց տեղեկատվական խնդիրները, պլանավորել եւ մշակել կոնկրետ կազմակերպության համար առավել արդյունավետ նախագծեր, սակայն նման կադրերի առկայությունը յուրաքանչյուր կազմակերպությունում անհամեմատ կբարձրացնի ընկերության գործունեության արդյունավետությունը:-Կա՞ն ոլորտներ, որտեղ մոտ ապագայում մուտք գործելն անհավանական է լրացուցիչ բջջային ծառայություններ մատուցող ընկերությունների համար: - Չեմ կարծում, որ կան այնպիսի ոլորտներ: Ներկայում նախագծման փուլում են գտնվում բավական հավակնոտ նախագծեր, որոնք պատրաստվում ենք ներկայացնել խորհրդատվական եւ հետազոտավերլուծական ընկերություններին, գովազդային գործակալություններին, հասարակական եւ բարեգործական կազմակերպություններին: Մենք կարող ենք համագործակցության կոնկրետ առաջարկ ներկայացնել ցանկացած ոլորտի կազմակերպության, սակայն սահմանել ենք որոշ առաջնահերթություններ եւ ոլորտներ, որոնք մեզ ավելի են հետաքրքրում: Պետք է նաեւ հաշվի առնել, որ կան ոլորտներ, որոնք ավելի ուշ են արձագանքում նորարարական լուծումներին, կամ որտեղ որոշակի կարծրատիպային, բյուրոկրատական կառուցվածքի, կադրային քաղցի հետեւանքով առայժմ պատրաստ չեն դրանք կիրառելու: Ցավով պիտի նշեմ, որ նկատի ունեմ հատկապես պետական հատվածի կազմակերպությունները, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունները, որտեղ խնդիրը կադրերի պակասն ու մինչեւ հիմա կիրառվող մարկետինգային գործիքների աղքատիկ արսենալն է: Աշխարհը զարգանում է, իսկ զարգացման տեմպը շատ հաճախ որոշում է նաեւ նոր տեխնոլգիաների եւ լուծումների գործարկումը: Հիմա տեղեկատվական հոսքերի արդյունավետ կառավարումը եւ տեղեկատվության կազմակերպման վեկտորը միտված է ընդհանուրից` կոնկրետ անհատին: Մեր լուծումների հիմքում դրված է հենց այս սկզբունքը: - Իսկ ի՞նչ տեղ ունեն ինտերնետային նախագծերը “Մոբբիսի” գործունեության մեջ: - Ես արդեն նշեցի, որ “Մոբբիսը” կայացրել և զարգացնում է ծրագրավորողների արհեստավարժ թիմ, որը մեզ հնարավորություն է տալիս առաջարկել համալիր ծառայություններ, այդ թվում նաև վեբ ծրագրավորման ոլորտում: Այս առումով www.banks.am-ը մեր հաջողված աշխատանքերից է, որը նաև հնարավորություն է տալիս դատելու մեր կարողությունների մասին: Բացի banks.am-ը մենք նախագծել և տեխնիկապես սպասարկում ենք մի շարք այլ կայքեր և նախագծեր, օրինակ` “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ-ի պաշտոնական www.ena.am կայքը, www.eerc.am,www.elections2008.am (գործել է 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ), www.mobipace.com և այլն: Ներկայումս նախագծման փուլում են գտնվում նաև մի շարք այլ ընկերությունների կորպորատիվ վեբ կայքեր: Մինչ տարեվերջ պլանավորում ենք շուկա հանել երկու նոր տեսակի ծառայություն, որոնք sms և վեբ տեխնոլոգիաների ինտեգրմամբ համակարգեր են և նախատիպը չունեն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Սկզբնական շրջանում մենք դրանք գործարկելու ենք միայն Հայաստանում, իսկ որոշ ժամանակ անց նաև Ռուսաստանում և Եվրոպայում: Tweet Դիտում՝ 7254