Տրանսպորտային միջոցի զույգ համարանիշների կորստի կամ գողության դեպքում այսուհետ հնարավոր կլինի ստանալ դրանց կրկնօրինակը։ Որոշման նախագիծը կառավարության նիստում այսօր ներկայացրել է ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Գործող կարգի համաձայն՝ համարանիշների կորստի կամ գողության դեպքում օգտագործողը զրկվում է դրանց կրկնօրինակը ստանալու հնարավորությունից եւ ստիպված է լինում ստանալ նոր թվերով ու տառերով համարանիշ։ «Նշված իրավակարգավորումը, հատկապես վերջին ժամանակահատվածում, նպաստել է համարանիշների գողությունների եւ դրանք վերադարձնելու դիմաց օգտագործողից գումար շորթելու դեպքերի ավելացմանը։ Նախագծի փոփոխմամբ՝ զույգ համարանիշների կորստի դեպքում, օգտագործողի ցանկությամբ, պետական տուրքի վճարի՝ 12 հազար դրամի դիմաց կհատկացվի համարանիշների կրկնօրինակ»,- ասել է նա։ Կրկնօրինակները կունենան հերթական վերաթողարկմանը համապատասխան արաբական թվանշանով գրառում։«Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց, նշված ժամանակահատվածն անհրաժեշտ է ոստիկանության կողմից համարանիշների կրկնօրինակները հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով տպագրելու տեխնիկական հնարավորությունն ապահովելու համար։ Որոշումը տարածվելու է 2020թ․ հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա»,- ասել է Վահե Ղազարյանը։ Որոշման նախագծում նշվում է, որ կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք սահմանված կարգով ենթակա են ոչնչացման՝ բացառությամբ մեծ պահանջարկ ունեցող կորած զույգ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը հատկացված չլինելու դեպքերի։ Tweet Դիտում՝ 3194