ՀՊՏՀ-ում բացվեց 44-օրյա պատերազմում զոհված ուսանող-հերոսների լսարան

08.07.2021 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #զոհված ուսանող-հերոսներ #լսարան
Տնտեսագիտական մայր բուհում հուլիսի 7-ին հիշատակի եւ մեծարման  ցերեկույթ էր. ֆինանսական ֆակուլտետում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ուսանողներին նվիրված լսարան, որը կրում է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի անունը։

«Մեր քաջ տղաներից յուրաքանչյուրը մի հերոսապատում կերտած մարտիկ է, նրանք այսուհետ այս լսարանից հայրենասիրության ու խիզախումի կենդանի դասեր պիտի ավանդեն սերունդներին»,- նշել են ՀՊՏՀ մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնում:

Լսարանի բացման հյուրերն էին հերոսների ծնողները, հարազատները եւ կուրսընկերները։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ողջույնի խոսքում ասաց, որ Տնտեսագիտական համալսարանը պատերազմում կորցրել է իր որդիներին, որոնց հիշում է, հիշելու է ու երբեք բացակա չի դնի…

«Մենք այսօր ապրում ենք նրանց շնորհիվ։ Շնորհակալ եմ ձեզ, սիրելի՛ ծնողներ, որ մեր ազգին նման հերոս-զավակներ եք պարգեւել։ Մեր խոնարհումը ձեզ եւ իմացեք, որ բուհը միշտ ձեր կողքին է՝ պատրաստ աջակցելու»,- նշել է Դիանա Գալոյանը։

Հիշատակի ու մեծարման խոսքեր հնչեցրին նաեւ ՀՊՏՀ ուսանողները, դասախոսները, ելույթ ունեցան հերոսների ծնողները, հարազատները։

Ցերեկույթը շարունակվեց ՀՊՏՀ դահլիճում՝ «Իմ անուշ տղա» պիեսի բեմադրությամբ, որի առաջնախաղը կայացել էր հունիսի 16-ին։



ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանը, ում սրտացավ ջանքերով կյանքի կոչվեց բուհի ղեկավարության նախաձեռնությունը՝ բուհում ստեղծել հերոսներին նվիրված լսարան, վստահեցնում է. «Զոհված ուսանողների հիշատակը վառ պահելու առաքելությունը մշտապես ՀՊՏՀ ուշադրության կենտրոնում է, եւ լսարանի բացման նախաձեռնությունը եւս դրան է միտված: Այն, վստահաբար, երիտասարդության շրջանում հայրենասիրական դաստիարակության խթան կհանդիսանա»։

ՀՊՏՀ հերոս Գոռ Անդրեասյանի մայրը՝ Նորա Հարությունյանն ասաց, որ հատուկ մեծարման ցերեկույթին ներկա գտնվելու համար է Կապանից եկել Երեւան։ «Վիշտը  խորն է,  մխիթարություն չունի, սակայն տեսնելը, որ մեր զավակներին հիշում են, փոքր-ինչ թեթեւացնում է ցավը»,- ասել է նա:

Հերոս Արման Մալխասյանի եղբայր, ՀՊՏՀ ուսանող, պատերազմի մասնակից Արթուր Մալխասյանի խոսքով՝ պետք է նմանօրինակ միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն։
«Այնտեղ, որտեղ կա իմ հերոս եղբայրը, մեծ արժեք կա։ Այս լսարանն էլ այդ վայրերից մեկը կդառնա։ Եվ, իհարկե, կյանքը շարունակվում է, պետք է ապրել, ուրախություններն էլ պետք է տոնել, սակայն որպես պատերազմի մասնակից եւ հերոսի եղբայր՝ հորդորում եմ մեր ժողովրդին՝ երբեք չմոռանալ, որ տղաները հանուն մեզ զոհվեցին, միշտ վառ պահել նրանց հիշատակը»։
Դիտում՝ 5159
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW