«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ Հայաստանում օգտատերերի 0,4%-ը 2021-ի առաջին եռամսյակում բախվել են իրենց համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման (ԾԱ) գործարկման փորձերին, որը նախատեսված է բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով փող գողանալու համար։ Վրաստանում գրանցվել է համանման ցուցանիշ, իսկ Ադրբեջանում այն կազմել է 0,6%։2020-ի հունվար-մարտին Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,1%-ը ենթարկվել էր բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել էր 0,9%, իսկ Ադրբեջանում՝ 1,4%։ «Կիբեռհանցագործները բանկային ռեկվիզիտներին հասանելիություն ստանալու եւ փող գողանալու համար օգտագործում են բանկերի, համացանցային խանութների եւ վճարային համակարգերի իրենց ստեղծած կեղծ վեբ-էջերը, սպամ եւ ֆիշինգ, ինչպես նաեւ ստեղնաշարային լրտեսներ։ Նրանց հիմնական նպատակը տնային եւ կորպորատիվ համակարգիչներ բանկային տրոյական ծրագրեր ներբեռնելն է։ Դրանք բանկային քարտերի կամ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունն ուղարկում են չարագործներին»,- նշում են ընկերության փորձագետները։Նրանք համարում են, որ տրոյացիներից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը եւ վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ «Անհրաժեշտ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը, քանի որ ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի խոցելիությունները եւ դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն (կանոնավոր կերպով թարմացնելու պայմանի կատարման դեպքում) սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար եւ ավտոմատ կերպով ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 2276