Ավինյան․ ՎԶԵԲ-ն արժանիորեն դիմագրավում է պահի մարտահրավերներին
06.07.2021 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎԶԵԲ

Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2021թ․ տարեկան առցանց ժողովին, որի լիագումար նիստում նա հանդես է եկել որպես լիագումար նստաշրջանի նախագահողի տեղակալ:
«2020թ․ ընթացքում բանկը եւս մեկ անգամ ապացուցեց, որ արժանիորեն դիմագրավում է պահի մարտահրավերներին: Մենք ականատես եղանք Covid-19-ի ազդեցությանը մեղմելու նպատակով «Համերաշխություն» փաթեթի արդյունավետ գործարկմանը:
Մենք միասին կերտել ենք անցումային հրաշալի պատմություններ: Մինչդեռ նոր իրողությունները պահանջում են նպատակների վերաձեւակերպում եւ գործիքների վերափոխում: 2021-25թթ․ ռազմավարական եւ կապիտալ ներդրումների շրջանակը արդեն ապահովված է սկզբունքորեն կարեւոր ոլորտներով: «Լավագույն վերականգնում» պարադիգմի ներքո այն նախատեսում է անցում դեպի ցածր ածխածնային եւ կանաչ միջավայր, ներառական զարգացում, թվային վերափոխման արագացում:
Այս հավակնոտ նպատակները պետք է իրականացվեն բարձրորակ ներդրումների եւ բարձրորակ անցումային ազդեցության միջոցով: Միեւնույն ժամանակ, համաճարակային անորոշությունները կարող են մարտահրավերներ հարուցել: Այստեղ, կարծում եմ, բանկը կկարողանա արդյունավետորեն օգտագործել իր ուժեղ կողմերը, այն է՝ արագ հարմարվելու ունակություն եւ նորարարություն»,- նշել է Ավինյանը:
Նա գերակա խնդիր է համարել նաեւ լայնածավալ թվայնացման եւ GovTech լուծումների հավակնոտ փաթեթը՝ ողջունելով ՎԶԵԲ-ի «Լավագույն վերականգնում» օրակարգի տարրերն ու առաջնահերթությունները, որոնք «համահունչ են մեր ազգային գերակայություններին»:
Իր ելույթում Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաեւ կլիմայական ճգնաժամին, նշելով, որ կլիմայի աղետալի հետագծից խուսափելու նպատակով Հայաստանն ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ վերանայելու զարգացման օրինաչափությունները եւ արագացնելու իր գործողություններն ավելի դիմացկուն եւ ցածր ածխածնային տնտեսության անցնելու ուղղությամբ:
«Մեր նպատակներն արտացոլված են նոր ընդունված 2021թ․ Ազգային ներդրումների շրջանակում: Ազգային նոր ռազմավարության նպատակը՝ մինչեւ 2030թ․ արտանետումների մակարդակի 40% իջեցումն է 1990թ․ համեմատ, հիմնականում` էներգետիկ ոլորտում: Մինչեւ 2030թ․ մենք նպատակ ունենք արեւի էներգիայի մասնաբաժինը հասցնել 15%-ի էներգիայի ընդհանուր արտադրության մեջ: Զրոյական արտանետումներով էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ կկազմի մոտ 54%»,- ասել է Ավինյանը:
Նա նշել է, որ համապատասխան ֆինանսական գործիքների եւ մեխանիզմների կիրառումը կենսական նշանակություն ունի «մտադրությունից՝ իրականացում» բանաձեւի հաջող կենսագործման համար: «Մենք վերահաստատում ենք ՎԶԵԲ-ի հետ համագործակցելու մեր պատրաստակամությունը կլիմայի ֆինանսավորման մասշտաբային մոբիլիզացման նպատակով: Հայաստանն, ընդհանուր առմամբ, ողջունում է ՎԶԵԲ-ի կլիմայական նախաձեռնությունները, որոնք միտված են ցածր ածխածնային զարգացումն ապագայի վարքագիծ դարձնելուն»:
Փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է նաեւ, որ բոլոր կարեւոր թեմաները, որոնք էապես ազդում են տարածաշրջանի ապագա տնտեսական ճարտարապետության վրա, չեն կարող արդյունավետորեն ապահովվել առանց ուժեղ ժողովրդավարությունների, կայունության եւ խաղաղության:
«Այդ նպատակով միջազգային հանրությունը եւ ինստիտուտները, ներառյալ՝ ՎԶԵԲ-ը, պետք է ավելի մեծ եռանդով դատապարտեն այն խախտումները, որոնք առաջացնում են մարդասիրական բնույթի սպառնալիքներ եւ վտանգում տարածաշրջանի կայունությունը»,- նշել է Տիգրան Ավինյանը:
2021թ. տարեկան ժողովը պետք է հյուրընկալեր Հայաստանը, սակայն, հաշվի առնելով, որ այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ՎԶԵԲ կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել այն անցկացնել առցանց՝ Երեւանում տարեկան ժողովը կկայանա 2024 թվականին:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: