Ռուսաստանի Կենտրոնական բանկը ցանկանում է վերահսկել բանկերի՝ որպես զարգացող էկոհամակարգերի կենտրոնների ռիսկերը՝ կապված ոչ ֆինանսական ակտիվներում ներդրումների աճի հետ, հայտարարել է Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան՝ ելույթ ունենալով Միջազգային ֆինանսական համաժողովին:«Ֆինանսական հատվածը վաղուց օգտագործում է նոր տեխնոլոգիաներ: Ամենահզոր բիզնես մոդելը էկոհամակարգն է: Դա տեխնոլոգիայի եւ ֆինանսների միաձուլման արդյունք է: Էկոհամակարգերի ուժն այնպիսին է, որ դրանք ազդում են ոչ միայն ֆինանսական հատվածի զարգացման եւ դրանում մրցակցության, այլեւ իրական տնտեսության վրա՝ արմատապես փոխելով սպառողի վարքը, դիստրիբուցիայի ուղիները, ոչ ֆինանսական ծառայություններ մատուցողների աշխատանքային պայմանները»,- Նաբիուլինայի խոսքերն է մեջբերում Finmarket-ը:Միաժամանակ, Նաբիուլինան նշել է, որ էկոհամակարգերը ոչ միայն մեծ հարմարավետություն են ստեղծում սպառողների համար, այլեւ առաջացնում են կարգավորման նոր մարտահրավերներ:«Մեզ համար կարեւոր է չխանգարել էկոհամակարգերի զարգացմանը եւ, միաժամանակ, թույլ չտալ, որ ամեն ինչ ընթանա իր հունով: Քանի որ կան ռիսկեր մրցակցության եւ ֆինանսական հատվածում պետության մասնաբաժնի էլ ավելի մեծացման համար»,- ընդգծել է ԿԲ ղեկավարը:«Հիմա կարեւոր է վերահսկել բանկերի՝ որպես զարգացող էկոհամակարգերի կենտրոնների ռիսկերը՝ կապված ոչ ֆինանսական ակտիվներում ներդրումների աճի հետ, քանի որ, հավանաբար, ոչ բոլոր այս ներդրումները հաջող կլինեն, եւ որոշ մասը կարող է արժեզրկվել, ինչը ռիսկեր է ստեղծում վարկատուների եւ ավանդատուների համար: Մեր կարգավորմամբ մենք նախատեսում ենք ընդգրկել վարկային հաստատությունների նաեւ ոչ պրոֆիլային ակտիվները:Եվս մեկ անգամ ընդգծեմ՝ մենք չենք ցանկանում սահմանափակել շուկայի զարգացումը, նվազեցնել ռուսաստանյան էկոհամակարգերի մրցունակությունը եւ դանդաղեցնել նորարարությունների ներդնումը: Սակայն, եթե բանկերը զարգացնում են էկոհամակարգային բիզնես, նրանք կարող են դա անել, բայց բաժնետերերի, այլ ոչ թե ավանդատուների եւ վարկատուների հաշվին»,- ասել է Էլվիրա Նաբիուլինան: Tweet Դիտում՝ 1914