Fitch-ը բարելավել է գլոբալ տնտեսության կանխատեսումը
16.06.2021 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ /


Գործակալության հերթական Global Economic Outlook (GEO) զեկույցում նշվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով ԱՄՆ-ի ՀՆԱ-ն կաճի 6,8%-ով (նախկինում՝ 6,2%), Չինաստանինը՝ 8,4%-ով (անփոփոխ), եվրագոտունը՝ 5%-ով (նախկինում՝ 4,7%), Մեծ Բրիտանիայինը՝ 6,6%-ով (նախկինում՝ 5%):
Միաժամանակ, Ճապոնիայի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 3,6%-ից իջեցվել է 2,5%-ի, զարգացող երկրներինը, բացառությամբ Չինաստանի, 6%-ից իջեցվել է 5,9%-ի:
Fitch-ը նշում է, որ ծառայությունների ոլորտում «Եվրոպայում եւ ԱՄՆ-ում վերջին ամիսներին վերականգնում է տեղի ունեցել՝ COVID-19-ով վարակվելու նոր դեպքերի անկման, պատվաստումների տեմպերի աճի եւ սահմանափակումների թուլացման պայմաններում»:
Բացի այդ, վերջին կանխատեսման հրապարակումից ի վեր, Գերմանիան եւ Իտալիան հայտարարել են ֆինանսական աջակցության զգալի նոր միջոցների մասին: «ԱՄՆ-ի մասով կանխատեսման մեջ մենք ներառեցինք նաեւ նախագահ Ջո Բայդենի ենթակառուցվածքային ծրագրի ազդեցության նախնական գնահատականը»,- ասված է զեկույցում:
Fitch-ը նաեւ զգալիորեն բարձրացրել է գնաճի կանխատեսումը ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի համար: Գործակալությունն այժմ ակնկալում է, որ տարեվերջին գնաճն ԱՄՆ-ում կկազմի 4,1%:
«Ընթացիկ գնաճային ճնշումն, ամենայն հավանականությամբ, հիմնականում պայմանավորված է համաշխարհային տնտեսական վերականգնման տեմպերով եւ ԱՄՆ-ում երկարատեւ օգտագործման ապրանքների վրա սպառողական ծախսերի անսպասելի աճով: Այս գործոնները, հավանաբար, կթուլանան 2022 թվականին»,- Fitch-ի գլխավոր տնտեսագետ Բրայան Քոուլթոնի խոսքերն է մեջբերում Finmarket-ը:
Banks.am-ը հիշեցնում է, որ Համաշխարհային բանկի (ՀԲ) կանխատեսմամբ՝ 2021 թվականին գլոբալ տնտեսությունը կաճի 5,6%-ով։ Բանկի տվյալներով՝ սա վերջին 80 տարվա ընթացքում անկումից հետո վերականգնման ամենաարագ տեմպն է:
ՀԲ-ն Հայաստանի տնտեսական աճը ներկայիս դրությամբ գնահատել է 3,4%: «Գլոբալ տնտեսական հեռանկարները» զեկույցում ներկայացված հունիսյան կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը 2022-ին եւ 2023-ին կկազմի համապատասխանաբար 4,3% եւ 5,3%:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: