Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է արտասահմանից ստացումների եւ փոխանցումների ծավալային աճ։ Այս մասին ասված է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ)` Ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օրվա առթիվ պատրաստած անդրադարձի մեջ:Հունիսի 16-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օր, որի նպատակն է ճանաչել ավելի քան 200 մլն միգրանտ աշխատողների նշանակալից ֆինանսական ներդրումն իրենց ընտանիքների շուրջ 800 մլն անդամների բարեկեցությունն ու իրենց հայրենիքի կայուն զարգացումն ապահովելու գործում: Այս ֆինանսական հոսքերի կեսը բաժին է հասնում գյուղական բնակավայրերին, որոնց զարգացման համար տրանսֆերտներն ունեն առավելագույն կարեւորություն:Համաշխարհային բանկի 2021թ.-ի մայիսի զեկույցում նշվում է, որ 2020թ.-ին տրանսֆերտները նվազել են ընդամենը 1,6%-ով՝ 2019թ.-ի $548 մլրդ-ից հասնելով $540 մլրդ-ի: Ըստ ՀԲՄ-ի՝ 2020թ.-ին դրամական փոխանցումների ոլորտում բեկում է մտցրել թվային տեխնոլոգիաների արագ ներդրումն ու դրանց մասսայական կիրառումը աշխատանքային միգրանտների եւ նրանց ընտանիքների կողմից: «Համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում բջջային եւ առցանց փոխանցումները նպաստեցին փոխանցումների հոսքերի ավելացմանը. 2020 թ.-ի ընթացքում աճել են 65%-ով եւ հասել $12,7 մլրդ-ի (GSMA, 2021): Այս տենդենցից անմասն չմնաց նաեւ Հայաստանը, որտեղ թեեւ համավարակով ու պատերազմական գործողություններով պայմանավորված 2020թ. վերջի տվյալներով 2019թ. համեմատ գրանցվեց արտասահմանից ստացումների եւ փոխանցումների ծավալի նվազման միտում, սակայն արդեն ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին այս ցուցանիշների մասով գրանցվեց աճ»,- ասված է ՀԲՄ հաղորդագրության մեջ: Անդրադարձում նաեւ նշվում է, որ 31.04.2021-ի դրությամբ արտասահմանից ստացումների ծավալը 31.04.2020թ-ի համեմատ ավելացել է շուրջ $129 մլն-ով կամ 29.1%-ով՝ կազմելով $573 մլն: Արտասահման փոխանցումների ծավալն ավելացել է շուրջ $39 մլն-ով կամ 11.8%-ով՝ կազմելով $370 մլն: Ընթացիկ տարվա ապրիլ ամսվա դրությամբ ֆիզիկական անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ $90 մլն-ով կամ 79.6%-ով՝ կազմելով $203 մլն: Tweet Դիտում՝ 805