Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է «CDAօnline» հավելվածը

15.06.2021 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա #«CDAօnline» #Վահան Ստեփանյան
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստեղծել է «CDAօnline» հավելվածը, որտեղ հնարավոր է առցանց ստանալ տեղեկություններ արժեթղթերի հաշվից եւ փոխանցումների հանձնարարականներ տալ։

Հավելվածում ներդրողների եւ թողարկողների համար գործարկվել է նաեւ էլեկտրոնային քվեարկության՝ միջազգային ստանդարտներին համապատասխան մեխանիզմ, որն առաջինն է Հայաստանում։  

«CDAօnline» հավելվածի միջոցով կարելի է տեղեկանալ ժողով հրավիրելու, դրա ժամկետների, օրակարգի մասին, ստանալ կից փաստաթղթերը, ժողովի ընթացքում հարցեր ուղղել թողարկողին (բաժնետիրական ընկերությանը), մասնակցել ընդհանուր քննարկմանը, քվեարկել ու ստանալ նախորդ ժողովների բոլոր նյութերը։

Թողարկողն, իր հերթին, հնարավորություն է ստանում առանց հավելյալ ռեսուրսներ ծախսելու հրավիրել ընկերության ընդհանուր ժողով, ստանալ քվեարկության ամփոփ տվյալները, ներդրողների հետ շփումն ավելի օպերատիվ կազմակերպել։ Այս գործիքը հնարավորություն է տալիս բաժնետերերին մասնակցելու թողարկողի կողմից հրավիրված ժողովին` առանց ժողովն անցկացնելու վայր ժամանելու։

«CDAօnline»-ով կարելի է տեսնել նաեւ արժեթղթերի եւ կուտակային կենսաթոշակային հաշվի մնացորդը, կատարված փոխանցումների պատմությունը, կապ հաստատել հաշվի օպերատորի, դեպոզիտարիայի հետ եւ այլն։

«Դեպոզիտարիայի հավելվածի ստեղծումը մեր առաջնային նպատակներից էր, որն արդեն իրականություն է եւ որով տեխնոլոգիական նորարարության նոր փուլ մտանք: Այն հայաստանյան շուկան ավելի գրավիչ կդարձնի օտարերկրյա ներդրողների համար, քանի որ վերջիններիս հնարավորություն է տալիս կառավարել ակտիվները աշխարհի ցանկացած կետից։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում այն քիչ դեպոզիտարիաներից ենք, որ գործարկել ենք հավելվածը եւ հիմա համագործակցում ենք այլ երկրների դեպոզիտարիաների հետ` փոխանցելու մեր փորձը: Հավելվածի գլխավոր առանձնահատկությունը բաժնետիրական ընկերությունների ժողովներն օնլայն հարթակ տեղափոխելն է․ բաժնետերերը կարող են միանալ իրենց բջջային հեռախոսով, հայտնել կարծիք, կատարել քվեարկություն եւ ստանալ քվեարկության արդյունքներն էլեկտրոնային եղանակով»,- նշել է AMX-Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը:

«CDAօnline»-ը հասանելի է 24/7 ռեժիմով՝ աշխարհի ցանկացած երկրից, վեբ կամ բջջային հավելվածով։ Հավելվածն օգտագործելիս անհրաժեշտ է ծանոթանալ ուղեցույցին եւ օգտագործման կանոններին։
Դիտում՝ 4486
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW