Էլեկտրաէներգիայի պակասի պատճառով Իրանը 4 ամսով արգելել է մայնինգը

27.05.2021 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #կրիպտոարժույթ #մայնինգ
Իրանի իշխանությունները գրեթե չորս ամսով արգելել են կրիպտոարժույթների մայնինգը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությունը:

Արգելքն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 22-ը: Որոշումը պայմանավորված է նրանով, որ մայնինգի հետեւանքով առաջացած ցանցի ծանրաբեռնվածության պատճառով շատ քաղաքներում սկսել է անջատվել էլեկտրականությունը: Իշխանությունները խափանումները վերագրում են նաև երաշտին և ամռանն էլեկտրաէներգիայի պահանջարկի կտրուկ աճին:

Իրանին բաժին է ընկնում բիթքոինի մայնինգի ընդհանուր ծավալի մոտ 4,5%-ը, գրում է Forbes-ի ռուսաստանյան հրատարակությունը՝ վկայակոչելով Elliptic վերլուծական ընկերության հաշվարկները: Սա Թեհրանին հնարավորություն է տալիս վաստակել հարյուր միլիոնավոր դոլարներ, որոնք տեսականորեն կարող են օգտագործվել շրջանցելու համար ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնցով արգելվում են Իրանի հետ ցանկացած դրամական հարաբերություններ:

Սակայն, ինչպես նշում է Financial Times-ը, բլոկչեյն տեխնոլոգիան պահպանում է գործարքի մանրամասները, ինչը դժվարացնում է այս մեթոդի օգտագործումը ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար:

2019 թվականին Իրանն ընդունեց օրենք, որը կրիպտոմայներների համար սահմանում է լիցենզավորման ռեժիմ: Միաժամանակ, բոլոր նրանք, ովքեր լիցենզիայի հիման վրա կրիպտոարժույթ են ստանում, էլեկտրաէներգիայի դիմաց պետք է վճարեն ավելի բարձր սակագին և ստացված բիթքոինները վաճառեն Իրանի Կենտրոնական բանկին: Հետագայում իշխանությունները հայտնաբերեցին և փակեցին հազարավոր մայնինգային տնտեսություններ, որոնք գործում էին առանց լիցենզիայի, այդ թվում`մզկիթներում, որոնք էլեկտրաէներգիա համար չեն վճարում: Ռուհանին հայտարարել է, որ Իրանում մայնինգի 85%-ն իրականացվում է առանց լիցենզիայի:

Վերջին ամիսներին կրիպտոարժույթների նկատմամբ պահանջարկն Իրանում մեծացել է, քանի որ բնակիչները փորձում են պաշտպանել իրենց խնայողությունները տարեկան 46,9% գնաճի, ֆոնդային շուկայի անկման և անշարժ գույքի գների լճացման պայմաններում, պարզաբանում է Financial Times-ը: Նախագահի խոսքով՝ վերջին տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սպառումն աճել է 20%-ով, սակայն չի հստակեցրել, թե պահանջարկի աճի որ մասն է բաժին ընկել մայնինգին։
Դիտում՝ 2178
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW