Մայրապետյան. Հնարավոր է թեթեւացնել տուրիզմի ոլորտի վարկային բեռը
26.05.2021 | 11:10
Գլխավոր էջ /
Նորություններ /

Լուսանկարը՝ Անձնական արխիվից

Մեդիամաքսի «Տնտեսական կարմիր թել» հերթական հաղորդաշարի ընթացքում Միքայել Մայրապետյանը ներկայացրել է այդ օգնության սցենարները:
Նրա կարծիքով՝ ներկայումս ամենամեծ խնդիրը հյուրանոցային ոլորտում ֆինանսական բեռն է (աշխատավարձեր, վարկեր եւ հարկեր): Եթե պետությունն այս բեռն ավելացնում է, բնականաբար, ինքն այդ խնդիրը ծանրացնում է, նկատել է նա:
«Մենք առաջարկում ենք, որպեսզի պետությունն ազատի տուրիզմի ոլորտը ցանկացած տիպի հարկերից: Օգնության տրամաբանությունը պետք է լինի այսպիսին՝ մի վնասիր, հետո նոր մտածիր օգնության մասին: Պետությունը միշտ հարց է տալիս՝ իսկ կարո՞ղ է մենք հարկերից ազատենք եւ պետության վրա դա թանկ նստի: Իսկ պատկերացրեք, որ դուք չեք ներում հարկերը: Այդ դեպքում ստացվում է, որ դուք ուզում եք հարկ հավաքել աշխատավարձից, իսկ ընկերությունը չունենալով այդ գումարը՝ ստիպված կրճատում է անձնակազմը, եւ պետությունը, մեկ է, այդ հարկը չի ստանում:
Եթե 2020թ. մարտից սկսած հաշվենք այն աշխատատեղերի կորուստները, որոնք եղան ոլորտում, ապա պետությունն այնքան հարկ կորցրեց, որ ավելի լավ է ի սկզբանե ազատեր ընկերություններին հարկերից: Գոնե շանս կլիներ այդ աշխատատեղերը պահպանել»,- ասել է Միքայել Մայրապետյանը:
Հաջորդ քայլը, որն, ըստ նրա, կօգնի եւ կմոտիվացնի ընկերություններին՝ ազատել հարկերից երկար ժամանակով, «խոսքը տարիների, օրինակ՝ երեք տարվա մասին է»:
«Եթե ընկերությունն իմանա, որ մոտակա տարիներին կվճարի ավելի քիչ հարկ, քան պլանավորում էր, կկարողանա հավելյալ ռեսուրսներ ներգրավել եւ գոնե 3-5 տարվա ընթացքում ձերբազատվել հավելյալ բեռից»,- նշել է նա:
Միքայել Մայրապետյանի խոսքով՝ պետությունը պետք է դնի հստակ պայմաններ:
«Օրինակ՝ եթե ընկերությունն ուզում է օգտվել հարկերից ազատումից, այն պարտավոր է պահել աշխատատեղերն ու վճարել աշխատավարձերը, պարտավոր է շարունակել աշխատել: Սա 3-5 տարվա խնդիր չէ՝ տասնամյակների ընթացքում տուրիզմի ոլորտը աճելու է եւ վճարելու է հարկեր: Եթե պետությունը չօգնի տուրիզմին այսօր, ապա տուրիզմը չի օգնի պետությանը հետագայում»,- ընդգծել է Միքայել Մայրապետյանը:
Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի Խորհրդի նախագահի կարծիքով՝ պետությունը կարող է մասնակցել նաեւ տուրիզմի ոլորտի ընկերությունների վարկային բեռի թեթեւացմանը: Նա ասում է, որ առեւտրային բանկերը շատ դեպքերում ընդառաջել են ընկերություններին, սակայն դա չի կարող անվերջ շարունակվել, քանի որ բանկերը եւս ունեն իրենց պարտավորությունները: Միքայել Մայրապետյանը նշել է, որ այս խնդրի լուծման համար պետությունը կարող է էժան վարկեր ներգրավել միջազգային շուկաներից եւ վերաֆինանսավորել տուրիզմի ոլորտի ընկերությունների վարկերը:
Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այս հղումով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: