Միջազգային բյուջետային գործընկերություն (ՄԲԳ) ոչ կառավարական կազմակերպությունը (Budget Partnership) հրապարակել է հաշվետվողականության համաշխարհային գնահատման քարտը (scorecard), որը վեր է հանել համատարած թերություններ կորոնավիրուսի հաղթահարման համար հատկացված աջակցության ծրագրերի թափանցիկության եւ հաշվետվողականության հարցերում։ Աջակցության այդ ծրագրերը 2020թ․ վերջի դրությամբ բոլոր երկրներում միասին գնահատվել են $14 տրիլիոն։ Առանձնակի կարեւորություն ունի այն, որ իշխանությունները լինեն թափանցիկ եւ հաշվետու, քանի որ այսպիսի մեծածավալ ծախսերն ունենում են կարճաժամկետ եւ երկարաժամկետ հետեւանքներ ինչպես այդ երկրների հանրային ֆինանսների համակարգերի, այնպես էլ, որն առավել կարեւոր է, բնակչության վրա։Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված միջոցների կառավարման թափանցիկության, հաշվետվողականության եւ հանրային մասնակցության 26 ցուցանիշների միջոցով 120 երկրներում իրականացված արագ գնահատումը վեր հանեց, որ այդ երկրների՝- ավելի քան երկու երրորդում իշխանություններն ի վիճակի չեն եղել հաշվետու կերպով կառավարելու այդ արտակարգ իրավիճակի հաղթահարման համար նախատեսված աջակցության փաթեթները,- մոտ երկու երրորդում չի ապահովվել այդ նպատակով իրականացված գնումների գործընթացների թափանցիկությունը,- համարյա կեսում աջակցության փաթեթները մշակվել եւ ընդունվել են՝ շրջանցելով օրենսդիր իշխանությունը,- միայն մեկ քառորդում են ազգային բարձրագույն հաշվեքննիչ մարմինները հրապարակել ընթացիկ հաշվեքննիչ զեկույցներ։Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանն ուղղված Հայաստանի իշխանությունների` 2020թ մարտի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ն ընդունված եւ իրականացված/իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության միջոցառումների հաշվետողականության մակարդակը գնահատվել է սահմանափակ, որն ըստ հետազոտության մեթոդաբանության հաշվետվողականության նախավերջին մակարդակն է (ավելի ցածր մակարդակ համարվում է նվազագույն մակարդակը)։ Հաշվետողականության նույն մակարդակում են գտնվում նաեւ հետազոտության մեջ ընդգրկված 120 երկրներից եւս 55 երկրների իշխանությունները։ Հարկ է նշել, որ հաշվետվողականության բարձրագույն՝ էական մակարդակ չունի եւ ոչ մի երկիր։ Ընդամենը 4 երկրների (Ավստրալիա, Նորվեգիա, Պերու եւ Ֆիլիպիններ) իշխանությունների հաշվետվողականության մակարդակը համապատասխանում է համարժեք մակարդակին։ Եվս 29 երկրների իշխանությունների հաշվետվողականության մակարդակը գնահատվել է որոշ չափով հաշվետու, իսկ հաշվետվողականության նվազագույն մակարդակ ունեն 31 երկրների իշխանությունները։ «Այսպիսով, Հայաստանի իշխանությունները հետազոտության մեջ ներառված 120 երկրների շարքում հաշվետվողականության մակարդակով 55 այլ երկրների իշխանությունների հետ կիսում են 34-ից 89-րդ տեղերը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 744