Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) առաջարկում է $50 մլրդ արժողությամբ երեք կետից բաղկացած «COVID-19 համավարակի ավարտի մասին առաջարկ» գլոբալ ծրագիրը։Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ծրագիրը ներկայացրել է ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային առաջին գագաթնաժողովում:Գեորգիեւան ընդգծել է, որ տնտեսական ճգնաժամն ամբողջությամբ չի ավարտվի, քանի դեռ չի ավարտվել առողջապահական ճգնաժամը: Նա նշել է, որ տարբեր տնտեսությունների վիճակը «միայն կվատթարանա պատվաստանյութերին հասանելիություն ունեցող հարուստ երկրների եւ այն չունեցող աղքատ երկրների միջեւ ջրբաժանի ավելանալու հետ մեկտեղ»։ ԱՄՀ ղեկավարը նշել է, որ ծրագիրը թույլ կտա «էապես վերահսկել համավարակը»: Նա թվարկել է նախաձեռնության երեք բաղադրիչները:«Առաջինը՝ 2021 թվականի ավարտին աշխարհի բնակչության առնվազն 40%-ի պատվաստում, իսկ 2022թ.-ի առաջին կեսին՝ առնվազն 60%-ի: Դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ կանխավճարային դրամաշնորհներ COVAX նախաձեռնության համար, պատվաստանյութերի ավելցուկ դեղաչափերի տրամադրում եւ պատվաստումների համար հումքի եւ պատրաստի պատվաստանյութերի ազատ անդրսահմանային տեղաշարժ:Երկրորդը՝ երաշխիքների տրամադրում տնտեսական անկման ռիսկերի դեմ, ինչպիսիք են կորոնավիրուսի նոր շտամները, որոնք կարող են պահանջել նոր պատվաստումներ: Սա նշանակում է ներդրումներ 1 միլիարդ չափաբաժնով պատվաստանյութերի արտադրության լրացուցիչ հզորություններում, վիրուսի գենետիկական կառուցվածքի փոփոխությունների մոնիթորինգի ծավալների ընդլայնում եւ վիրուսային մուտացիաների կամ մատակարարման խափանումների դեպքում արտակարգ իրավիճակների ծրագրերի մշակում:Երրորդը՝ անհրաժեշտ է միջանկյալ ժամանակահատվածի ռացիոնալ կառավարում, երբ պատվաստանյութերի մատակարարումները սահմանափակ են»,- ասել է Գեորգիեւան:Նրա խոսքով՝ այս առաջարկը կարժենա մոտ $50 մլրդ`դրամաշնորհների, ազգային կառավարությունների ռեսուրսների եւ արտոնյալ ֆինանսավորման համադրությամբ: «Մենք քննարկում ենք առնվազն $35 մլրդ դրամաշնորհային ֆինանսավորումը: Ընդհանուր ծրագրի մնացած մասը՝ մոտ $15 մլրդ, կարող է գալ ազգային կառավարություններից, հիմնականում` բազմակողմանի զարգացման բանկերի կողմից արդեն ստեղծված ֆոնդերից»,- ասել է ԱՄՀ-ը ղեկավարը։ Tweet Դիտում՝ 1735