Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն այսօր հայտնել է, որ 2021թ-ի առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 17 մլրդ դրամով կամ 1.8%-ով, իսկ 2020թ.-ի մարտի 31-ի համեմատ աճել է շուրջ 51 մլրդ դրամով կամ 5.9%-ով:«Աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա իրադարձությունների համատեքստում բանկերի շահույթներից եւ սեփականատերերի կողմից միջոցներ են ուղղվել կապիտալի ավելացման ուղղությամբ՝ ապահովելով լրացուցիչ բուֆերներ նախորդ տարվա մարտահրավերներին դիմակայելու եւ դրանք հաղթահարելու համար»,- նշել է մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀԲՄ գործադիր տնօրենը:2021թ.-ի առաջին եռամսյակում ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 15 մլրդ դրամով կամ 0.2%-ով, իսկ 2020թ.-ի մարտի 31-ի համեմատ՝ 752 մլրդ դրամով կամ 12.7%-ով:Վարկային ներդրումները 2021թ-ի առաջին եռամսյակում նվազել են շուրջ 64 մլրդ դրամով կամ 1.5 %-ով, իսկ 2020թ.-ի մարտի 31-ի համեմատ ավելացել շուրջ 265 մլրդ դրամով կամ 6.9%-ով: Առեւտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 49%-ը (2 028 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 41%-ը՝ (1 683 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը եւ 10%-ը՝ (429 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են եւ նրանցից ներգրավված ավանդները: Սեյրան Սարգսյանը նշել է, որ վարկային պորտֆելի նվազումը պայմանավորված է նաեւ վարկերի ներումներով եւ դուրսգրումներով: Անդրադառնալով ընդհանուր վարկերում դրամով եւ արտարժույթով վարկերի մասնաբաժնին՝ նա տեղեկացրել է, որ առաջին եռամսյակի տվյալներով դրանց մասնաբաժինը հավասարվել է՝ 50%-ը դրամային վարկերն են, 50%-ը՝ արտարժութային:Անդրադառնալով վարկային պորտֆելում չաշխատող վարկերի խնդրին՝ ՀԲՄ գործադիրը տնօրենը նշեց, որ այս ցուցանիշը գտնվում է կառավարելիի սահմաններում:«Այս ցուցանիշը տատանվող է եւ ներկայում գտնվում է 7.1%-ի շրջանակներում: Պետք է նշել, որ եղել են ժամանակներ, երբ ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել: Եթե այն դիտարկենք այլ երկրների համապատասխան ցուցանիշի հետ համադրության մեջ, ապա կտեսնենք, որ մեզ մոտ չաշխատող վարկերի ծավալը բավականին ցածր է: Այս փաստը պայմանավորված է նաեւ բանկերի կողմից տրամադրված էական թվով վարկային արձակուրդներով եւ վերանայումներով»,-նշել է Սեյրան Սարգսյանը:2021թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր ավանդները 2021թ-ի առաջին եռամսյակում նվազել են շուրջ 7 մլրդ դրամով (0.2%-ով), իսկ 2020թ.-ի մարտի 31-ի համեմատ ավելացել շուրջ 173 մլրդ դրամով կամ 4.9%-ով:2021թ-ի առաջին եռամսյակի ընթացքում բանկայի համակարգն ապահովել է 19.4 մլրդ դրամի շահույթ, որը 2020թ-ի առաջին եռամսյակի համեմատ նվազել է շուրջ 3.9 մլրդ դրամով կամ 16.9%-ով:ՀԲՄ նախագահը նաեւ հայտնել է, որ նախորդ տարվանից, մասնավորապես մարտ ամսից սկսած, նկատելի է, որ անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկ գործարքներին. «Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 17 995 639, որը 2020թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 73.5%-ով: Կանխիկ գործարքների քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 10 444 587»: Tweet Դիտում՝ 1919