«Լավ», «վատ» եւ «ժառանգական» միլիարդատերերն՝ ըստ Morgan Stanley-ի վերլուծաբանի

21.05.2021 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Morgan Stanley #Ռուչիր Շարմա #միլիարդատերեր
Ռուսաստանցի միլիարդատերերի միագումար կարողությունը երկրի ՀՆԱ-ի նկատմամբ ռեկորդային է` համեմատած այլ երկրների նույն ցուցանիշի հետ:

RBC-ի փոխանցմամբ՝ այսպիսի եզրահանգման է եկել Morgan Stanley Investment Management-ի զարգացող շուկաների եւ համաշխարհային մակրոտնտեսագիտության բաժնի ղեկավար Ռուչիր Շարման: Նա իր հաշվարկները հրապարակել է Financial Times-ի սյունակում:

Շարմայի հաշվարկները հիմնված են Forbes ամսագրի տվյալների վրա՝ ըստ ծագման երկրի միլիարդատերերի կարողության եւ երկրի ՀՆԱ-ի չափի գնահատման՝ համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալների: Բացի այդ, վերլուծաբանը միլիարդատերերին գնահատել է ըստ նրանց հարստության ծագման՝ բաժանելով վերջիններին երեք խմբի:

Առաջին խմբում ընդգրկված են նրանք, ովքեր ժառանգել են իրենց կարողությունը: Մյուս երկու խմբերը Շարման անվանում է «լավ» եւ «վատ» միլիարդատերեր: «Լավ» միլիարդատերերն իրենց կարողությունը վաստակել են տեխնոլոգիական ոլորտներում եւ արտադրության մեջ: «Վատ» միլիարդատերերն են՝ իրենց կարողությունն անշարժ գույքի եւ հանքարդյունաբերության ոլորտում կուտակածները (օրինակ՝ նավթի): «Այս ոլորտները քիչ արտադրողական են, ավելի հակված են կոռուպցիայի եւ վատ հեղինակություն են վայելում, ուստի այդ ոլորտներում աշխատող շատ միլիարդատերերի հայտնվելն ավելի մեծ  հավանականությամբ հրահրում է պատասխան արձագանք պոպուլիստների կողմից»,- նշել է Շարման։

Ըստ վերլուծաբանի հաշվարկների՝ Ռուսաստանում գերհարուստների ձեռքում տնտեսության կենտրոնացման ամենաբարձր մակարդակն է: Forbes-ի ցուցակից միլիարդատերերին բաժին ընկնող կարողությունը կազմում է Ռուսաստանի ընդհանուր ՀՆԱ-ի շուրջ 35%-ը: Ռուսաստանին հետեւում են Շվեդիան (մոտ 30%), Հնդկաստանը (մոտ 19%), ԱՄՆ-ը (մոտ 19%), Ֆրանսիան (մոտ 17%) եւ Թայվանը (մոտ 15%):

«Վատ» միլիարդատերերի մեծ մասը, ըստ վերլուծաբանի հաշվարկների, բաժին է ընկնում Մեքսիկային, Ռուսաստանին եւ Ավստրալիային, «լավ» միլիարդատերերը բնորոշ են Թայվանին, Չինաստանին եւ Հարավային Կորեային, իսկ «ժառանգական» միլիարդատերերը հիմնականում ապրում են Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ինդոնեզիայում: Ռուսաստանում «վատ» միլիարդատերերի մասնաբաժինը կազմում է մոտ 60%:
Դիտում՝ 2147
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW