«Հայփոստ»-ում կրճատումներ չեն իրականացվում

07.05.2021 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայփոստ» #հայտարարություն #աշխատատեղեր
«Հայփոստ» ընկերությունը տեղեկացնում է, որ շրջանառվող լուրերն այն մասին, թե ընկերությունում կրճատումներ են իրականացվում, չեն համապատասխանում իրականությանը:  

«Հայփոստ»-ից հայտնում են, որ այս պահի դրությամբ ընկերությունը համալրում է իր թիմը։

«Մեր կողմից մատուցվող ծառայությունների որակը բարելավելու հասարակական պահանջարկը բավարարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ընկերությունը պարբերաբար անցկացնում է գիտելիքների ստուգում (ատեստավորում)՝ թեստերի միջոցով աշխատակիցների մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատելու նպատակով։ Ոչ բավարար արդյունք ունեցող եւ ազատման ենթակա աշխատակիցների տվյալներն ընկերության կողմից դեռ չեն ամփոփվել, ուստի  զանազան ամբիոններից հնչող աշխատողի ազատման մասին տարբեր թվերը իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Ի դեպ, հայտնում ենք, որ գիտելիքների ստուգման հերթական գործընթացը տեւելու է մինչեւ ընթացիկ տարվա վերջ:  

Նաեւ նշենք, որ թափուր աշխատատեղերն ընկերությունում մշտապես համալրվում են ընդհանուր հիմունքներով՝ ընկերության հաստիքների մասին  հայտարարագրմամբ՝ մրցութային կարգով։ Թափուր հաստիքների մասին  հայտարարությունները հրապարակվում են Հայփոստի կայքէջում, սոցիալական ցանցերում եւ այլ հարթակներում:

Հարկ ենք համարում նշել, որ Հայփոստը առեւտրային կազմակերպություն է, որը գործում է կորպորատիվ կառավարման սկզբունքներով, իսկ  ընկերության որոշումներն ընդունվում են օրենքով սահմանված կարգով ձեւավորված կառավարման մարմինների կողմից: Հայփոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է եւ խոշոր գործատուներից մեկը, որը ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք եւ ավելի քան 3000 աշխատակից:

Տեղեկացնում ենք նաեւ, որ աշխատակիցների գիտելիքների ստուգման համար կազմված հարցաթերթիկներում ընդգրկվում են բացառապես այն հարցերը, որոնք թույլ են տալիս գնահատել աշխատողի մասնագիտական ունակությունների մակարդակը։ Գիտելիքների ստուգման (ատեստավորման) գործընթացը պարունակում է հետեւյալ փուլերը.

-    Բոլոր աշխատողները գրավոր կարգով իրազեկվում են իրենց աշխատանքային պարտականությունները կազմող ներքին կանոնակարգերի մասին,
-    Աշխատակիցները պարբերաբար եւ բոլոր թեմաների վերաբերյալ անցնում են ուսուցման գործընթաց, որը կազմակերպվում է ընկերության կողմից՝ համապատասխան հարմարեցված ուսուցման կենտրոնում կամ հեռավար կարգով,
-    Ուսուցման գործընթացներին հաջորդում է գիտելիքների ստուգման գործընթացը, որի շրջանակում աշխատողները նախապես տեղեկացվում են գիտելիքների ստուգման օրվա, վայրի եւ ժամանակի մասին եւ վերջիններիս տրամադրվում է գիտելիքների ստուգման թեմաներն ու նյութերը,
-    Գիտելիքների ստուգման գործընթացը արձանագրվում եւ տեսաձայնագրվում է,
-    Գիտելիքների ստուգման գործընթացի արդյունքներով 70-79 տոկոս հավաքած աշխատակիցները հնարավորություն են ստանում մասնակցելու երկրորդ փուլի, իսկ մինչեւ 70 տոկոս հավաքած աշխատողների հետ հետագա աշխատանքի հարցերը քննարկվում եւ լուծվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով: Մինչեւ 70 տոկոս արդյունքի պարագայում աշխատողը հնարավորություն չի ունենա պատշաճորեն կատարելու իր աշխատանքային պարտավորությունները եւ իրականացնելու հաճախորդների սպասարկում:      

Ցանկանում ենք եւս մեկ անգամ նշել, որ ոչ մասնագիտական եւ աշխատակցի կողմից կատարվող գործառույթների հետ կապ չունեցող հարցեր թեստերում չեն ընգրկվում։ Ամեն հերթական ատեստավորման համար կազմվող հարցաշարերը ընդգրկում են ընկերության կողմից մատուցվող ծառայությունների եւ սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումներով պայմանավորված, այդ պահի դրությամբ ընկերությունում գործող համապատասխան ընթացակարգերից բխող հարցեր»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Դիտում՝ 3340
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW