ԵՄ-ն մտադիր է սահմանափակումներ մտցնել ԱԲ կիրառման համար

05.05.2021 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #ԱԲ #սահմանափակումներ
Եվրահանձնաժողովը ներկայացրել է արհեստական բանականության (ԱԲ) կարգավորման ընդարձակ նորմատիվ իրավական բազա, որն ընդունվելու դեպքում կարող է հիմնովին փոխել տեխնոլոգիայի զարգացումը, հաղորդում է Rusbase-ը:

«Արհեստական բանականությունը պետք է լինի ոչ թե ինքնանպատակ, այլ գործիք, որը ծառայում է մարդկանց՝ ունենալով վերջնական նպատակ՝ բարելավել իրենց բարեկեցությունը: Արհեստական բանականության կանոնները պետք է մարդկանց դնեն կենտրոնում: Մարդիկ պետք է վստահեն տեխնոլոգիայի օգտագործմանը, իմանան դրա անվտանգության եւ օրենքին համապատասխանության մասին, ներառյալ՝ հիմնարար իրավունքների հարգումը»,- ասված է Եվրահանձնաժողովի որոշման նախագծում:

Փաստաթղթում նշվում է, որ արհեստական բանականության կանոնները պետք է հավասարակշռված լինեն եւ չպետք է անհարկի սահմանափակեն տեխնոլոգիական զարգացումը կամ խոչընդոտեն այդ գործընթացին:

Եվրահանձնաժողովն առաջարկել է ներդնել արհեստական բանականության զարգացումը որոշող քառաստիճան համակարգ։ Այն կարող է ներառել նվազագույն, սահմանափակ, բարձր ռիսկի մակնշումներ, ինչպես նաեւ բացարձակ արգելքի ռիսկ: Խոսքը գնում է հանրային շահին հնարավոր վնաս հասցնելու մասին:

Այսպես, բարձր ռիսկ ունեցող հավելվածներ են համարվում ցանկացած պրոդուկտներ, որտեղ արհեստական բանականությունը «նախատեսված է օգտագործել որպես պրոդուկտի անվտանգության բաղադրիչ», կամ որտեղ ԱԲ-ն ինքնին անվտանգության բաղադրիչ է: Որպես օրինակ բերվում է տրանսպորտային միջոցներում բախումներից խուսափելու գործառույթը: Բարձր ռիսկի կատեգորիայում առաջարկվում է ներառել նաեւ ԱԲ-ի վրա հիմնված հավելվածները, որոնք նախատեսված են հետեւյալ ոլորտների համար՝ չափազանց կարեւոր ենթակառուցված, կրթություն, իրավագիտություն/դատական համակարգ, աշխատակիցների հավաքագրում:

Այս կատեգորիայից հավելվածը կարող է շուկա հանվել, սակայն վաճառքից առաջ այն պետք է անցնի պահանջներին համապատասխանության ընթացակարգ, օրինակ` ԵՄ կանոնների պահպանում պրոդուկտի շահագործման ողջ ընթացքում, գաղտնիության ապահովման խիստ երաշխիքներ:

Բացարձակ արգելք է դրվում այն տեխնոլոգիաների օգտագործման վրա, որոնք ունակ են մանիպուլացնել մարդու վարքը`առանց հաշվի առնելու նրա ազատ կամքը: Սա հատկապես վերաբերում է այն հավելվածներին, որոնք օգտագործվում են խոցելի խմբերի կողմից`ելնելով տարիքային, սահմանափակ ֆիզիկական կամ մտավոր հնարավորություններից:

Օրինակ, օրենքի ընդունումը կարող է ամբողջությամբ սահմանափակումներ մտցնել լիովին ինքնավար ռոբոտ վիրաբույժների հետագա օգտագործման վրա։

Սահմանափակ ռիսկ ունեցող հավելվածների շարքին են դասվում ծառայությունների կայքերում չատ բոթերը կամ deepfake կոնտենտ պարունակողները: Նման հավելվածների համար ԱԲ ստեղծողը պետք է նախապես տեղեկացնի օգտատերերին, որ նրանք գործակցելու են մեքենայի, այլ ոչ թե մարդու հետ:

Նվազագույն ռիսկ ունեցող պրոդուկտների համար, ինչպիսիք են ԱԲ-ն տեսախաղերի եւ, առհասարակ, հավելվածների մեծամասնության համար, կանոնները չեն սահմանում որեւէ հատուկ պահանջներ, որոնք պետք է կատարվեն շուկա դուրս գալուց առաջ:

Կանոնների խախտումը, շրջանցումը կամ անտեսումը կարող է հանգեցնել մեծ տուգանքի. օրինակ՝ կաննների ընդունման դպքում դրանց չկատարման համար ընկերությունները ստիպված կլինեն վճարել մինչեւ €30 մլն կամ կազմակերպության տարեկան եկամտի 4%-ը:
Դիտում՝ 1698
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW