Սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ բարեգործությամբ պետք է զբաղվել գիտակցաբար, ունենալով ռազմավարություն, այլ ոչ թե էմոցիոնալ կերպով, ինչպես դա սովորաբար լինում է:«Ես վաղուց եմ գիտակցել, որ անհնար է հաջողակ ու երջանիկ ապրել մի աշխարհում, որտեղ ասում ես. այստեղ փող եմ աշխատում, իսկ այստեղ բարեգործությամբ եմ զբաղվում, օգնում եմ հիվանդներին ու աղքատներին: Ինձ թվում է, որ մենք տեղափոխվում ենք մի աշխարհ, որտեղ բիզնեսի ու սոցիալական գործունեության ինտեգրումը դառնում է շատ կարեւոր տարր»,- ասել է Ռուբեն Վարդանյանը Պոտանինի հիմնադրամի գլխավոր տնօրեն Օքսանա Օրաչեւայի հետ զրույցում:Նա նշել է, որ իր նախագծերը միավորված են ընդհանուր փիլիսոփայությամբ: Դրանք հիմնված են հինգ տարրերի վրա. կյանքի իմաստ եւ համամարդկային արժեքներ, կրթություն, առողջություն, կայուն զարգացում եւ ժառանգություն:«Ես միշտ փորձում եմ իրագործել այնպիսի նախագծեր, որոնք ունեն մեկից ավելի նպատակներ: Օրինակ, Դիլիջանի դպրոցը ոչ միայն հնարավորություն է տարբեր երկրների երեխաների համար միասին սովորելու, այլեւ հնարավորություն է Հայաստանի համար նոր «դեսպաններ» ձեռք բերելու համար»,- նշել է Ռուբեն Վարդանյանը:Նրա կարծիքով, սահմանափակ ռեսուրսների դեպքում անհրաժեշտ է ստեղծել նախագծեր, որոնք միանգամից մի քանի խնդիրներ են լուծում:«Խորապես համոզված եմ, որ լավն ավելի շատ է, քան վատը, պարզապես լավը պակաս պայծառ է, պակաս լսելի ու ճչացող է, քան վատը: Եվ այս իմաստով, երբ ինչ-որ բան ձեզ խանգարում է բարեգործության մեջ՝ ինչ-որ մեկը ինչ-որ բան գողացել է, ինչ-որ տեղ ինչ-որ բան չի ստացվել, հիշեք, որ այս դեպքերը միեւնույն է փոքրամասնություն են կազմում: Շատերը դա անում են անկեղծորեն՝ ամբողջ սրտով: Եվ դուք դա անում եք ինքներդ ձեզ համար, ոչ թե ուրիշի:Մի վախեցեք հավատալ, որ լավը հիմքն է այն ամենի, ինչ գոյություն ունի մեր շուրջը: Ուստի իմ մաղթանքը կայանում է նրանում, որ, անկախ մեզ շրջապատող բոլոր մարտահրավերներից, պետք է հավատալ, որ ամեն ինչ հիմնված է մարդկային արժեքների վրա: Այնպես որ՝ մի վախեցեք բարի գործեր անելուց»,- եզրափակել է Ռուբեն Վարդանյանը: Tweet Դիտում՝ 1593