Ջեկ Մայի էլիտար բիզնես ակադեմիան փակման եզրին է
12.04.2021 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
Hupan University-ում դասերը սկսվում են մարտի վերջին, սակայն այս տարի առաջին կուրսեցիների պարապմունքներն այդպես էլ չմեկնարկեցին: Պարզ չէ, թե երբ դա տեղի կունենա: Անհայտ է նաեւ, թե երբ կսկսվի նոր ուսանողների հավաքագրումը: Գործարարի շրջապատում դա կապում են Պեկինի ճնշման հետ: Միաժամանակ, FT-ն չի հստակեցնում՝ իշխանությունների կոնկրետ որ պահանջներն են հանգեցրել ուսումնական գործընթացի դադարեցմանը:
Պարբերականը գրում է, որ Չինաստանի իշխանությունները փորձում են զսպել Ջեկ Մայի ազդեցությունը, եւ համալսարանի վրա ճնշումը վառ ապացույցն է այն հանգամանքի, որ Պեկինը փորձում է ազդել ոչ միայն Alibaba Group-ի հիմնադրի բիզնես նախագծերի վրա:
Hupan University-ը մասնագիտանում է թոփ մենեջերների պատրաստման ծրագրերում: Այն Չինաստանի ամենահեղինակավոր բիզնես դպրոցներից մեկն է, այնտեղ հայտնվելը նույնքան դժվար է, որքան Հարվարդում: Ակադեմիայում դասախոսություններ է կարդացել ինչպես Ջեկ Ման, այնպես էլ օտարերկրյա ձեռներեցները, այդ թվում` Uber-ի հիմնադիր Թրեվիս Կալանիկը:
Չինաստանի իշխանությունները գտնում են, որ բիզնես դպրոցը կարող է կազմակերպել չինացի ձեռնարկատերերի աշխատանքը՝ Ջեկ Մայի, այլ ոչ թե Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից սահմանված նպատակներին հասնելու համար: Կառավարությունը չի կարող դա թույլ տալ, ասել է Hupan-ին մոտ կանգնած FT-ի աղբյուրը:
Banks.am-ը հիշեցնում է, որ անցած տարվա նոյեմբերին Ջեկ Մայի Ant Group ֆինտեխ ընկերությունը նախատեսում էր իրականացնել պատմության մեջ ամենամեծ՝ մոտ $35 մլրդ-ի IPO: Սակայն բորսա դուրս գալուց երկու օր առաջ բաժնետոմսերի տեղաբաշխումը դադարեցվել էր։ Ant-ում հայտարարել էին, որ դա տեղի է ունեցել Չինաստանի ֆինտեխ ընկերությունների կարգավորման կանոնների փոփոխության պատճառով։
Այնուամենայնիվ, The Wall Street Journal-ի տվյալներով՝ Ant Group-ի IPO-ից կարող էին շահել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի քաղաքական հակառակորդները։ Պարբերականը գրել էր, որ ցուցակումից մի քանի շաբաթ առաջ Չինաստանի կառավարությունը հետաքննություն էր անցկացրել եւ պարզել, որ Ant-ի IPO-ի ազդագիրը թաքցնում է ընկերության որոշ սեփականատերերի: Նրանց թվում էին նախագահի եւ նրա մերձավոր շրջապատի քաղաքական հակառակորդները, որոնք իրավաբանական անձանց շղթայի միջոցով տնօրինում են Ant-ի բաժնեմասերը:
Օրերս էլ հայտնի դարձավ, որ Ջեկ Մայի հիմնած Alibaba ինտերնետ հսկան տուգանվել է $2,78 միլիարդով՝ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար: Alibaba-ն ընդունեց Չինաստանի իշխանությունների որոշումը։ «Մենք տուգանքի մասին ծանուցագիր ենք ստացել Չինաստանի շուկայի վերահսկողության պետական վարչությունից եւ անկեղծորեն ընդունում ենք այս որոշումը, մենք խստորեն կհետեւենք դրան»,- ասված էր ընկերության հայտարարության մեջ:
Վերջին լուրեր
11.01.2025 | 09:17 Հոդվածներ
10.01.2025 | 08:46 Նորություններ
Մոսկվան կվերանայի Հայաստանի նկատմամբ իր տնտեսական քաղաքականությունը
09.01.2025 | 17:24 Նորություններ
09.01.2025 | 15:05 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: