ՄԻՊ․ Արատավոր պրակտիկայի պատճառով մարդիկ զրկվում են նպաստից

12.04.2021 | 12:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԻՊ #նպաստներ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) տարեկան հաղորդման մեջ նշված է, որ նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն։

ՄԻՊ-ի՝ ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված 2020 թվականի վիճակագրությունը վկայում է, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չեն պայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար:

«Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020 թվականին, սոցիալական աջակցության մարմիններում շարունակվել է անապահով խավի ներկայացուցիչներին բանավոր մերժումների արատավոր պրակտիկան՝ ի սկզբանե անապահովության միավորի չբավարարելու համոզմունքի դրսեւորմամբ: Արդյունքում, մարդիկ դուրս են մնում անապահովության համակարգից, զրկվում նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու իրավունքից»,- հայտնել են ՄԻՊ գրասենյակից:

Նաեւ նշվել է, որ չեն գործում անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունները գնահատելու պատշաճ վերահսկման մեխանիզմներ։ Այդ պատճառով, չարաշահումներ հայտնաբերելիս, պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նպաստառուի վրա։

«Թեեւ սոցիալական աջակցության տարածքային բաժիններին տրամադրվել են պլանշետներ՝ տնայցերի եւ դեպքերի վարման գործառույթն ավելի արագ, դյուրին ու թափանցիկ դարձնելու համար, սակայն դա ինքնին չի կարող դառնալ չարաշահումների կանխարգելման եւ հավանականության կանոնակարգման լծակ: Միայն մեխանիկական մոտեցումներով բավարարվելն անթույլատրելի է»,- ասված է տարեկան հաղորդման մեջ:

Նշվում է, որ տարիներ շարունակ մարդիկ սոցիալական կամ ընտանեկան նպաստի իրավունքից զրկվել են սոցիալական ապահովության տրամադրվող միջոցների անհամաչափ փոփոխության պատճառով:

ՄԻՊ-ը դիմում-բողոք է ստացել այն մասին, որ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը նպաստի իրավունքից զրկվել է հաշմանդամության նպաստը 1000 դրամով բարձրանալու պատճառով: Այս պատճառով, նշված ընտանիքները կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ՀՀ կառավարության հաստատված տասներեքերորդ միջոցառման շահառու եւս չեն ճանաչվել:

Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ առաջարկել է՝

- ներդնել արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ սոցիալական աջակցության մարմինների նկատմամբ՝ պատշաճ վարչարարություն իրականացնելու, վատ վերաբերմունքի բացառման, խորհրդատվական օգնության համընդգրկուն տրամադրման նպատակով,

- բարձրացնել համակարգի հասցեականությունը եւ թափանցիկությունը՝ ներդնելով օրենսդրական եւ գործնական լիարժեք մեխանիզմներ եւ այլն:
Դիտում՝ 1365
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW