«Նախարարի հայտարարությունը զբոսաշրջության 319% աճի մասին անհիմն է»

29.03.2021 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա #Վահան Քերոբյան
Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ զբոսաշրջության 319% աճի վերաբերյալ օրերս արած հայտարարությանը, նշելով, որ այն ոչ մի հիմնավորում չունի:

«Վահան Քերոբյանն արեց զբոսաշրջության ոլորտին վերաբերվող որոշակի հայտարարություններ, որոնց մենք հարկ համարեցինք անդրադառնալ, հաշվի առնելով դրանց անիրատեսական լինելը եւ դրանք համարելով անգամ ոլորտի իրական խնդիրները կոծկելու փորձ»,- նշված է ասոցիացիայի հայտարարության մեջ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայտարարությունն ամբողջությամբ:

Այսպես, Նախարարը հայտարարեց, որ՝

- «անցած տարի մարտ ամսին տուրիստներ չունեինք, սակայն այս տարի մարտին արդեն ունենք տուրիստների մեծ խումբ»,
- «իրենք գիտեն, որ ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան»
- «մայիս ամսից պլանավորվում է, որ զբոսաշրջությունը կմտնի «ընդունելի եւ նորմալ տեմպի մեջ» եւ այս տարի կանխատեսված է Զբոսաշրջության ոլորտի 319% աճ 2020թ.-ի համեմատ, նույնը ինչ 2019թ.-ի նկատմամբ 20-25 տոկոսանոց անկում»:

Անդրադառնալով վերոնշյալ կետերին, ուզում ենք փաստել, որ քանի դեռ չկան ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական թվերը 2021թ.-ի մարտ ամսվա ընթացքում ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի վերաբերյալ, հստակ չի ստացվի դատել, թե արդյոք 2021թ.-ի մարտ ամիսը ավելի բարենպաստ է եղել, քան 2020թ.-ի մարտը, նամանավանդ այն ուժգնությամբ, ինչպիսին այն բնութագրում է Նախարարը:

Ասոցիացիայի անդամ հյուրանոցներից ոմանց տվյալների համաձայն, Նախարարի պնդումը առ այն, որ անցած տարվա մարտին զբոսաշրջիկներ գրեթե չկային անհիմն են, քանի, որ մինչեւ մարտի 16-ին ՀՀ Կառավարության կողմից արտակարգ դրության սահմանումը մարտ ամսվա վրա կատարված ամրագրումները դեռեւս պահպանվում էին որոշակի քանակի շրջանակներում, որոնք ավելի բարձր էին, քան այս տարվա մարտի քանակը: Սակայն արտակարգ դրության սահմանումից հետո, բոլոր ամրագրումները վերջնականապես չեղարկվեցին եւ մարտի վերջին արդեն հյուրերի քանակը ձգտեց զրոյի: Այնուամենայնիվ, կսպասենք պաշտոնական թվերին իրողությունը ամբողջությամբ պարզելու համար:

Լսելով Նախարարից այն, որ իրենք գիտեն, որ ապրիլին ավելի շատ ամրագրումներ կան, մենք իսկապես տարակուսանքի մեջ հայտնվեցինք հաշվի առնելով, որ ինչպես Հայաստանի դեպքում այնպես էլ ամբողջ աշխարհում տուրիստները սկսել են ամրագրել իրենց այցելությունները շատ ավելի մոտ ժամանման օրվանը, քան մինչ այդ: Դրա պատճառով այսպես կոչված ամրագրումների պատուհանը (ամրագրման օրվա եւ ժամանման օրվա միջեւ ընկած ժամանակահատվածը) միջինում 3 ամսից կտրուկ նվազել է մինչեւ 3-7 օր: Սա օբյեկտիվորեն բացատրվում է հյուրերի ճամփորդության համար 72 ժամը չգերազանցող ՊՇՌ թեստի առկայության պահանջով, ինչի պատճառով իրենք ստիպված են գնել ավիատոմսեր եւ կացություն ժամանման օրվան մոտ օրերին միայն:

Այս պատճառով հյուրանոցները պարզապես չունեն որեւէ պատկերացում, թե ինչ է իրենց սպասում մեկ-երկու շաբաթ անց, ուր մնաց մեկ ամսվա կտրվածքով կանխատեսում կատարելը: Ասոցիացիայի անդամ հյուրանոցների պատկերացմամբ սույն թվականի ապրիլը շատ չի տարբերվի մարտից, հաշվի առնելով այս պահին առկա ամրագրումների քանակները: Մեզ համար անհասկանալի է, թե, որ տվյալների հիման վրա է Նախարարը լրիվ այլ եզրահանգման եկել: Կխնդրենք իրեն պարզաբանել մեզ իր մոտ առկա տեղեկատվության աղբյուրը, հաշվի առնելով, որ պետությունը չունի պաշտոնական տվյալներ ապագա ամրագրումների քանակների վերաբերյալ:

Նախարարի պնդումը առ այն, որ «մայիս ամսից կմտնենք ընդունելի եւ նորմալ տեմպի մեջ» մեզ համար ավելի քան մտահոգիչ է, քանի որ, ինչպես արդեն ասեցինք, գոյություն չունի ապագային վերաբերող քիչ, թե շատ հիմնավոր կանխատեսում անելու հնարավորություն: Նախարարի նման մոտեցումը շատ վտանգավոր է, քանի որ կարող է թուլացնել պետության եւ զբոսաշրջության ոլորտում գործողների զգոնությունը, առաջացնել կեղծ սպասումներ ու պետական զգալի աջակցության բացակայության պարագայում անելանելի վիճակի մեջ դնել ոլորտը:

Մեր կարծիքով Նախարարի կողմից հնչեցված 319% աճի, այն է` ավելի քան քառակի անգամ աճի մասին կանխատեսումը ընդհանրապես մոտ չէ իրականությանը, քանի որ բացի վերոնշյալ բարդություններից առկա են բազում այլ խոչընդոտներ, որոնք դարձնում են նման վերականգնման տեմպերը անհնար: Ներկայացնենք դրանցից ամենակարեւորները.

- Ինչքան էլ տպավորություն չստեղծվի, որ 2020թ.-ի ցածր նշաձողից հեշտ կլինի ապահովել բավականին բարձր աճ, պետք է հաշվի առնել, որ Նախարարի դրված նշաձողը չափազանց բարձր է: Իր կողմից սահմանված 319% աճ 2020թ.-ի համեմատ, նույնը ինչ 2019թ.-ի նկատմամբ 20-25 տոկոս պակաս ցուցանիշը կազմում է 1.400.000-ից 1.500.000-ի չափ զբոսաշրջային այցելություն: Շատ ծանր կլինի համավարակի պատճառով աշխարհի բազում երկրների «կարմիր» ցուցակում հայտնված Հայաստանին կարողանալ համոզել այդքան զբոսաշրջիկի այստեղ այցելել, նամանավանդ հաշվի առնելով անցած պատերազմի եւ ներքաղաքական անկայունության նկատմամբ զբոսաշրջիկների չափազանց զգայուն լինելը:

- Ավանդական համար մեկ շուկա հանդիսացող Ռուսաստանը դեռեւս չունի երկարաժամկետ կայուն մոտեցում դեպի Հայաստան եւ հակառակը չվերթների թույլտվության առումով՝ ինչը ավիափոխադրողերին ստիպում է կրճատված պահել չվերթների քանակը դրանք հարկ եղած դեպքում ստիպված չեղարկելու վախից՝ ինչն էլ իր հերթին արհեստականորեն թանկացնում է տոմսերի գները՝ դարձնելով Հայաստանը անմրցունակ ուղղություն ռուս եւ Ռուսաստանով ժամանող տուրիստների համար:

- Ավանդական համար երկու շուկա հանդիսացող Վրաստանի հետ հիմնական անցակետ համարվող ցամաքային հաղորդակցությունը մնում է փակ, ինչը չափազանց կրճատում է պոտենցիալ այցելուների քանակը, որոնք կարող էին համատեղել Վրաստան իրենց այցելությունը Հայաստան այցելության հետ:

- Շենգենյան գոտու կողմից Հայաստանը դեռեւս «կարմիր» երկիր համարվելու պատճառով մեզ համար 2019թ․-ի Top 20 շուկաներից 8-ից (Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Նիդերլանդներ, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Բելգիա) տուրիստների հոսքը մնում է սահմանափակ: Հաշվի առնելով, որ Շենգենյան գոտու եւ ոչ մի երկրի կողմից պաշտոնապես դեռեւս չի էլ քննարկվում Հայաստանին «կանաչ» երկիր համարելը, ապա այս տարվա ընթացքում տվյալ երկրներից մեծ հոսք սպասելը անիրատեսական է վերոնշյալ նույնաբովանդակ խնդիրներից ելնելով:

Հատկանշական է, որ այն օրը, երբ Նախարարը խոսում էր տուրիզմի կայծակնային վերականգնման եւ մայիսից սկսած «ընդունելի եւ նորմալ տեմպերի մեջ ընկնելու» մասին, Ասոցիացիան իր անունով ուղարկել է նամակ՝ պահանջելով անհապաղ նախաձեռնել աջակցության միջոցառումների նոր փաթեթի ստեղծում, որը անհրաժեշտ է ոլորտը ամբողջական կործանումից փրկելու համար: Խոսքը դեռեւս 2020թ.-ի մարտին Ասոցիացիայի կողմից բարձրաձայնված խնդիրների եւ դրանց լուծումների ներդրման մասին է, որոնք են.

- ազատել հյուրանոցային տնտեսության օբյեկտներին բոլոր հարկային պարտավորություններից եւ պարտադիր վճարներից մինչեւ ճգնաժամի ավարտը,

- գործարկել հետճգնաժամային հարկման նոր համակարգ հատուկ հյուրանոցային ոլորտի համար՝ իջեցնելով բարձր հարկման բեռը եւ ապահովելով արագ վերականգնում ու ոլորտի հետագա աճի հնարավորություն։ Հյուրանոցային ոլորտի անհամեմատ բարձր հարկային բեռը հիմնականում պայմանավորված է հյուրանոցների ԱԱՀ վճարող լինելով, ի տարբերություն մնացած ողջ ոլորտի՝ շրջանառության հարկ վճարող լինելով։

- վճարել սույն ընկերությունների կողմից ստանձնած վարկային պարտավորությունների ամսական տոկոսավճարների առնվազն 50%-ը մինչեւ կապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը,

- վճարել սույն ընկերություններում պահպանված աշխատատեղերի աշխատավարձի առնվազն 50%-ը մինչեւ կապահովվի ընկերությունների վերադարձը կայուն ծախսածածկմանը։

Մեկ այլ հատկանշական փաստ է այն, որ Նախարարը հայտարարում է, որ ոլորտը արդեն պրակտիկորեն վերականգնվել է, սակայն Ասոցիացիայի մեկ այլ նամակին ի պատասխան Նախարարությունը գրել է, որ Կառավարությունը պատրաստվում է հավելյալ միջոցներ տրամադրել ոլորտի համար կազմած 23-րդ միջոցառմանը առկա ճգնաժամը հաղթահարելու համար:

Մենք ողջունում ենք Կառավարության նման քայլը, սակայն ինչպես եւ նախորդ նամակներում հայտարարում ենք, որ այդ միջոցառումը բավարար չէ խնդրին լուծում տալու համար:

Ոլորտը իսկապես ոտքի կանգնեցնելու նպատակով անհրաժեշտ է շտապ իրագործել մեր կողմից առաջարկվող լուծումների համախումբը:

Առանձին այդ լուծումները չեն ունենա այն արդյունավետությունը եւ ոլորտում գործող ընկերությունների մաքսիմալ լայն սպեկտրին օգնելու հնարավորությունը, ինչ դրանց հանրագումարը:

Հայտնել ենք եւ շարունակում ենք հայտնել պատրաստակամությունը հանդիպելու եւ օգնելու Կառավարությանը տվյալ ծրագրերը կյանքի կոչելու եւ ոլորտը փրկելու գործում»:
Դիտում՝ 1783
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW