ԵԱՏՄ-ում կստեղծվի ապահովագրական ծառայությունների միասնական շուկա

28.03.2021 | 02:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ապահովագրություն #միասնական շուկա
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտ»-ին, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ապահովագրական միությունները պատրաստվում են ստորագրել ապահովագրական ծառայությունների միասնական շուկա ստեղծելու մտադրության մասին հուշագիր:

Նախատեսվում է կազմակերպել ճանապարհորդների եւ միգրանտների ապահովագրական պոլիսների, ինչպես նաեւ վարորդների պատասխանատվության անդրսահմանային փոխանակում`այս տեսակների ապահովագրության միասնական լիցենզիայի անցում կատարելու հետագա հեռանկարով:

Միավորելով շուկաները՝ ապահովագրողները հույս ունեն ոչ միայն ընդլայնել վաճառքների աշխարհագրությունը, այլեւ հաջողության հասնել խարդախության դեմ պայքարում. հուշագիրը նախատեսում է ընդհանուր բազայի ստեղծում՝ վնասների կարգավորման եւ չարաշահումների դեմ պայքարի համար:

Ինչպես հետեւում է հուշագրի նախագծից (առկա է «Կոմերսանտ»-ի տրամադրության տակ), Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի ապահովագրական միությունների ղեկավարներն, առաջնորդվելով ԵԱՏՄ մարմինների որոշումներով՝ ստեղծելու ֆինանսական միասնական ծառայությունների շուկա, նախատեսում են սկսել աշխատանքը ապահովագրական ծառայությունների ընդհանուր շուկայի ձեւավորման ուղղությամբ:

Հինգ երկրների ապահովագրական միությունները մտադիր են նաեւ կազմակերպել ապահովագրական ծառայությունների անդրսահմանային փոխանակում: Նախեւառաջ, այնպիսի տեսակների համար, ինչպիսիք են ճանապարհորդների ապահովագրությունը (արտասահման մեկնողների ապահովագրություն․ ենթադրվում է, որ նման պոլիս հնարավոր կլինի ձեւակերպել առցանց՝ հինգ պետություններից որեւէ մեկի տարածք մեկնելու համար), արտագնա ԱՊՊԱ («Կանաչ քարտ») եւ աշխատանքային միգրանտների բժշկական ապահովագրություն։

Օգնելով պաշտոնյաներին՝ ապահովագրական միությունները մտադիր են առաջարկություններ պատրաստել ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման համար:

Բոլոր ուղղություններով աշխատանքային մարմին կհանդիսանա ապահովագրական միությունների ներկայացուցիչների համակարգող խորհուրդը: Այն համագործակցելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիային կից գործող ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի հետ:

«Համակարգող խորհրդում մենք կսկսենք մշակել այնպիսի հարցեր, ինչպիսիք են միասնական լիցենզիան, միասնական «Կանաչ քարտ»-ը, արտասահման մեկնողների միասնական ապահովագրությունը»,- «Կոմերսանտ»-ին պարզաբանել է Ապահովագրողների համառուսաստանյան միության նախագահ Իգոր Յուրգենսը: Նրա խոսքով՝ դրա համար արդեն կա հինգ երկրների ղեկավարության համաձայնությունը: ԵՏՀ-ն եւս հեռանկարային է համարում միության անդամ պետությունների ապահովագրողների համակարգող խորհուրդ ստեղծելու գաղափարը:

Հուշագրի ստորագրումից հետո, որը նախատեսված է այս տարվա հունիսին, պետք է կարգավորվեն շատ հարցեր՝ կապված ապահովագրության այն պայմանագրերի ընդունման հետ, որոնք կնքվել են մեկ երկրում եւ դրանցով վնասն առաջացել է մեկ այլ երկրում, ինչպես նաեւ կապված վճարների հետ, այն դեպքում, երբ միության պետությունում բացակայում է ապահավագրողի գրասենյակը։

«Ապահովագրական ընկերությունները կկարողանան ծառայություններ մատուցել այլ երկրներում: Համենայն դեպս, ապահովագրության որոշ տեսակների համար: Սա ճիշտ ուղղությամբ շարժում է, որը համապատասխանում է մասնակից երկրների եւ նրանց քաղաքացիների շահերին»,- ասել է ԱՔՐԱ ֆինանսական հաստատությունների վարկանիշային խմբի տնօրեն Ալեքսեյ Բրեդիխինը:

Ապահովագրողներին, իրենց հերթին, հետաքրքիր է ոչ միայն վաճառքների աշխարհագրության ընդլայնումն, այլեւ խարդախություններին արդյունավետորեն դիմակայելը: «Սա լավ բան է ապագայի համար: Գլխավորն այն է, որ պայմանավորվածությունների շրջանակում մեխանիզմներն աշխատեն: Օրինակ՝ ՌԴ-ից Ղազախստանի տարանցիկ ճանապարհով ավտոմեքենաների գողությունը նվազեցնելու համար»,- ասել է «Ինգոսստրախ»-ի ղեկավարի տեղակալ Իլյա Սոլոմատինը:

Անդրսահմանային ապահովագրական շուկաների ճանապարհին առկա են լուրջ խոչընդոտներ ռիսկերի վերաբաշխման (վերաապահովագրության)` իր ծավալներով որակապես այլ մակարդակի համար, զգուշացնում է «ՌՏ-Ապահովագրություն» բրոքերի ղեկավար Նիկոլայ Գալուշինը:

Ռուսաստանում, օրինակ, միջազգային վերաապահովագրողների համար վարկանիշների նկատմամբ պահանջներ են սահմանված, որոնք հնարավորություն են տալիս պահուստներում արտացոլել վերաապահովագրողի բաժնեմասերը դրանց դուրս բերելու համար: ԵԱՏՄ այլ երկրների ընկերություններն այս պահանջներին չեն համապատասխանում: Միաժամանակ, Հայաստանում պահանջներ են գործում օտարերկրյա վերաապահովագրողների վարկանիշի նկատմամբ, որոնք ավելի բարձր են, քան Ռուսաստանի վարկանիշը (բոլոր ապահովագրողները սահմանափակված են ազգային վարկանիշով՝ անկախ նրանց վճարունակությունից եւ պորտֆելի կառուցվածքից):
Դիտում՝ 3122
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW