IFC. Ձեռներեց կանայք Հայաստանում լրացուցիչ խնդիրների են բախվում

25.03.2021 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#IFC #Համաշխարհային բանկ #ձեռներեցությւուն
Կանանց պատկանող բիզնեսների մոտավորապես 50%-ում անձնական կամ ընտանեկան խնայողություններն են օգտագործվում որպես ֆինանսավորման հիմնական աղբյուր բիզնեսը սկսելու համար՝ ի տարբերություն տղամարդկանց, որոնց պարագայում այդ ցուցանիշը 70% է։

Այս մասին նշված է կանանց ձեռներեցության ուսումնասիրության մեջ, որն իրականացվել է Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի` ՄԹ Լավ կառավարման հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում՝ կանանց պատկանող ընկերությունների առջեւ ծառացող խոչընդոտները պարզելու եւ դրանց շտկմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու նպատակով։

Նշվում է, որ Հայաստանում կանանց մասնակցությունը զբաղվածության կազմում ավելի փոքր է, իսկ գործարարության ոլորտում մարդկային ռեսուրսի ներուժը սխալ է տեղաբաշխված, ինչի հետեւանքով գրանցվում է ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունքի) 14%-ին համարժեք տնտեսական արդյունքի կորուստ։

Ուսումնասիրության մեջ նշված է, որ Հայաստանում կին ձեռներեցներն ավելի շատ են բանկային վարկավորման դիմում բիզնես սկսելու համար, քան տղամարդ ձեռներեցները։ Կանայք հակված են օգտվել առեւտրային բանկերի վարկային միջոցներից (22%՝ ի հակադրություն 12%-ի տղամարդ ձեռներեցների պարագայում)։

«Այդուամենայնիվ, բանկային վարկերի համար պահանջվող գրավն ավելի մեծ խնդիր է կանանց համար, քանի որ ժառանգության պրակտիկան ավելի նպաստավոր է տղամարդկանց համար։ Նաեւ՝ հողի նկատմամբ սեփականության իրավունքը տրված է տղամարդկանց՝ որպես ընտանիքի գլուխ, եւ 1990-ականներին հողի սեփականաշնորհման գործընթացում կին ձեռներեցները հայտնվեցին անբարենպաստ վիճակում»,- ասվում է զեկույցում։

Ուսումնասիրությունը նաեւ վկայում է, որ ֆինանսավորման մատչելիության բարելավումը, բավարար բիզնես ուսուցումը եւ ճիշտ ժամանակին աջակցությունը կարող են օգնել կանանց՝ ավելի շատ հնարավորություններից օգտվել եւ հավասար մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսությունում։

Ուսումնասիրությանը մասնակցած կանանց մեծամասնությունը (մոտավորապես 73%-ը) նշել է, որ իրենց բնագավառում կրթված աշխատուժի պակաս կա։ Գրեթե բոլոր կին ձեռներեցներն ընդունել են, որ բացեր կան ձեռնարկատիրական գործունեությունը ճիշտ իրականացնելու համար անհրաժեշտ բիզնես գիտելիքների ու հմտությունների բնագավառում։

«Ծրագիրը նպատակ ունի օգնել Հայաստանի կառավարությանը՝ բիզնեսի համար միջավայրը բարելավելու եւ ներդրումները խրախուսելու աշխատանքներում՝ խթանելով տնտեսական աճը եւ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց ձեռներեցությանը։ Հուսով ենք, որ այս ուսումնասիրությունը կբարելավի Հայաստանում կանանց պատկանող բիզնեսների առջեւ ծառացող խնդիրների վերաբերյալ իրազեկությունը եւ կնպաստի կանանց տնտեսական հզորացմանը»,- ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Վիկտոր Կլարկը։

IFC-ի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրենի պաշտոնակատար Ջեսպեր Կյերը նշել է՝ ուսումնասիրությունը բացահայտում է այն խութերն ու խոչընդոտները, որոնք կին ձեռներեցներին թույլ չեն տալիս Հայաստանում իրացնել իրենց ողջ ներուժը։

«Նպատակն է միջազգային զարգացման ծրագրեր իրականացնող մյուս գործընկերների հետ օգնել պետական եւ մասնավոր հատվածներին՝ ավելի փաստահենք քաղաքականություններ ու ծրագրեր մշակելու եւ իրականացնելու հարցում։ Մենք արդեն իսկ պատրաստել ենք վերապատրաստողների, որոնք կարող են օգնել տարածված խնդիրների մի մասն՝ ի աջակցություն կին ձեռներեցների լուծելու հարցում, այսպիսով օգնելով զարգացնել ներառական աճը Հայաստանում»,- ասել է Ջեսպեր Կյերը։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաեւ, որ Քովիդ-19 համավարակի ընթացքում երեխայի խնամքի հնարավորության բացակայությունն ու դպրոցների փակվելը լրացուցիչ խնդիրներ են առաջացրել կին ձեռներեցների համար։

Նշվում է, որ կանանց պատկանող բիզնեսներին լրացուցիչ աջակցություն է անհրաժեշտ աշխատողներին պահելու, գործող բիզնես մոդելները փոխելու եւ բանկային վարկերի ու պետական աջակցության ծրագրերի հասանելիությունը բարելավելու համար։
Դիտում՝ 5400
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW