Սեւանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման, կառավարման, կեղտաջրերի մաքրման, ջուր խնայող հողօգտագործման ու մշակման կարողությունների բարելավման նպատակով կիրականացվի «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագիրը:Եվրոպական միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի առցանց մեկնարկը տրվել է այսօր, որին ներկա են եղել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան կարեւորել է ծրագրի արդիականությունը Սեւանա լճի բնապահպանական իրավիճակի ներկա փուլում եւ գործընկեր կառույցների բնապահպանական հարցերի շուրջ արդյունավետ համագործակցությունը: «Ի լրումն EU4Sevan-ի հիմնական արդյունքներին, ծրագիրը նախապատրաստում է ՔՈՎԻԴ-19-ի տնտեսական եւ սոցիալական հետեւանքների չեզոքացման գործողություններ Շրջակա միջավայրի նախարարության եւ ԳՄՀԸ-ի «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի հետ համատեղ: Այս գարնանը Գեղարքունիքի մի շարք գետերի ափամերձ գոտիներում շուրջ 600 000 ուռենիների կտրոններ եւ պտղատու ծառեր կտնկվեն, ինչպես նաեւ գետերի հուները եւ գետափերը կմաքրվեն թափոններից՝ ապահովելով ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ-տնտեսական հետեւանքներից առավել տուժած 750 բնակչի կարճաժամկետ զբաղվածությունը: ՔՈՎԻԴ-19-ի հետեւանքների չեզոքացման շրջանակներում EU4SEVAN ծրագիրը նախատեսում է նաեւ աջակցել տեղացի ֆերմերներին շուրջ 3 հա տարածքում մշակել կաղամբի նոր տեսակներ, ինչը, էկոհամակարգերի համար բարենպաստ մշակման արդյունքում, կսպառի երկու անգամ պակաս ջուր եւ կապահովի 2-3 անգամ ավելի եկամուտ»,- ասված է ծրագրի կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 5019