Համավարակով պայմանավորված ամենատուժած ոլորտներից մեկը՝ զբոսաշրջությունը խթանելու եւ վերջինիս զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Զբոսաշրջության կոմիտեի եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ շարունակում է իրականացնել Համաշխարհային բանկի աջակցությամբ եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող «Տեղական Տնտեսության եւ Ենթակառուցվածքների Զարգացման (ՏՏԵԶ) Ծրագրի» Հանրային-մասնավոր ներդրումներ (ՀՄՆ) բաղադրիչը։«Բարելավելով հանրային ենթակառուցվածքների որակը, աջակցելով զբոսաշրջության, ինչպես նաեւ ագրոբիզնեսի զարգացմանը՝ ծրագիրը նպատակ ունի ստեղծելու նպաստավոր միջավայր մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման համար՝ խթանելով տնտեսական աճը եւ զբաղվածությունը Հայաստանի ինը մարզերում՝ Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ եւ Վայոց Ձոր: ՏՏԵԶ ծրագրի այս բաղադրիչի ներքո աջակցություն կտրվի ծրագրի տարածքում ընտրված մասնավոր հատվածին՝ ներդրումների կենսունակությունը խրախուսելու նպատակով հանրային ենթակառուցվածքների ապահովման միջոցով (օրինակ՝ ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ/ մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն եւ այլն)»,- ասված է Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ: Ներդրումները կարող են իրականացվել միայն զբոսաշրջության եւ ագրոբիզնեսի ոլորտներում։ՀՄՆ մոդելը բացառում է ուղղակի բիզնեսի ֆինանսավորման կամ կապիտալի ներդրման հնարավորություններ: Այն նախատեսում է հանրային ենթակառուցվածքների (ճանապարհ, ջուր, կոյուղի, էլեկտրամատակարարում եւ այլն) կառուցման ֆինանսավորում միայն ներդրողի կողմից ծավալվող գործունեության տարածքից դուրս:Մասնավոր ներդրումների եւ ՏՏԵԶ ծրագրի ֆինանսավորման հարաբերակցությունը պետք է լինի առնվազն 4:1, իսկ մասնավոր ներդրումների նվազագույն ծավալը՝ 200 մլն դրամ։ Բոլոր առաջարկվող ներդրումները պետք է նպաստեն հարող տարածքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։Հատկանշական է, որ ծրագիրն արգելում է իրականացնել ներդրումներ բնության հատուկ պահպանվող տարածքներում, մշակութային ժառանգության հուշարձանների պահպանության գոտիներում եւ ակնհայտ կանաչ տարածքների՝ անտառների, ալպիական/ենթալպյան մարգագետինների մոտակայքում՝ բացառելու բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։Ծրագրի մասնակցության պայմաններն ու դիմում-հայտը հասանելի են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում այս հղումով: Tweet Դիտում՝ 1006