Մարտի 17-ից Բրյուսելում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ, ով Եվրոպական միությունում եւ Համաշխարհային մաքսային կազմակերպությունում կներկայացնի ՀՀ մաքսային ոլորտի շահերը։ Ինչպես հայտնել են ՊԵԿ-ում, վարչապետի որոշմամբ նշանակված նոր կցորդի պաշտոնավարման ժամկետը 3 տարի է, սակայն, համաձայն կցորդի կանոնադրության՝ այն կարող է երկարաձգվել եւս մեկ տարով։ Առաջիկայում մաքսային կցորդի պաշտոնը ստանձնող ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը նշում է՝ մաքսային կցորդի ինստիտուտին նոր թափ հաղորդելու նպատակով տրվել են լրացուցիչ հանձնարարություններ։ Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք՝ մաքսային ծառայության վարկանիշը բարձր պահելու համար։ Ներկայումս Եվրոպական միությունում եւ Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի դերն առավել քան կարեւոր է։ Միջազգային տարբեր կառույցների հետ սերտ շփման հնարավորությունը կնպաստի մեր երկրի մաքսային ոլորտի բարեփոխումների ճիշտ ներկայացմանն ու հետեւաբար՝ առեւտրային կապերի զարգացմանը։Մելիք-Իսրայելյանի խոսքով՝ ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ նախատեսվում է նաեւ պարբերաբար հանդիպումներ ունենալ գործարար համայնքի հետ՝ նպատակ ունենալով վերհանել այն խնդիրները, որոնք առաջանում են առեւտրաշրջանառության ընթացքում, գործարարներին ներկայացնել պարզեցված մաքսային ընթացակարգերը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված առավելությունները։Եվրոպական միությունում եւ Համաշխարհային մաքսային կազմակերպությունում մաքսային կցորդի գործունեության շրջանակներում մարտ ամսին կմեկնարկի «CEPA» համաձայնագրով ստեղծված ՀՀ-ԵՄ մաքսային հարցերով համատեղ կոմիտեի աշխատանքը, հստակ քայլեր կիրականացվեն «Doing business» ցուցանիշի անդրսահմանային առեւտրի բաղադրիչի բարելավման ուղղությամբ։ ՊԵԿ-ը պատրաստակամություն է հայտնել նաեւ առավել ակտիվ մասնակցել թե Համաշխարհային մաքսային կազմակերպության կողմից իրականացվող դասընթացներին, թե հավատարմագրման գործընթացներին: Tweet Դիտում՝ 5208