ԱրարատԲանկը $5 մլն է ներգրավել

03.02.2021 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #«Blue Orchard» #Covid-19

ԱրարատԲանկը եւ «Blue Orchard»-ի՝ Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund հիմնադրամը («Blue Orchard»-ի՝ Զարգացող եւ սահմանային շուկաներում Covid-19 պայմաններում ՄՓՄՁ-ների աջակցման հիմնադրամ) 5 մլն ԱՄՆ դոլարի երկկողմ վարկային պայմանագիր են կնքել՝ Հայաստանում Covid-19 համավարակի հետեւանքով տուժած ՄՓՄՁ-ներին աջակցելու համար։


Ինչպես նշել են բանկում, հիմնադրամի վարկային միջոցները հնարավորություն կտան միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին շարունակել կամ վերսկսել իրենց գործունեությունը համավարակի պայմաններում՝ միաժամանակ ստեղծելով աշխատատեղեր եւ զարկ տալով տնտեսությանը:

«Ուրախ եմ արձանագրել այն փաստը, որ Covid-19 Emerging and Frontier Markets MSME Support Fund հիմնադրամը գործարկվել է «BlueOrchard» ընկերության կողմից, որի հետ ԱրարատԲանկը արդյունավետ կերպով համագործակցում է դեռեւս 2013թ․-ի փետրվարից։ Այս նոր վարկային միջոցները հնարավորություն կտան ՄՓՄՁ-ներին մեղմացնել Covid-19 համաճարակի ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։ Պետք է նշեմ, որ ԱրարատԲանկն ակտիվ մասնակցություն է ունեցել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերին եւ կորոնավիրուսից տուժած ավելի քան 120 շահառուի տրամադրել է շուրջ 6 մլրդ ՀՀ դրամ ծավալով վարկային միջոցներ»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։    

«Covid-19 համաճարակի տնտեսական հետեւանքներից հատկապես տուժել են ՄՓՄՁ-ները: Այս անբարենպաստ պայմաններում ԱրարատԲանկին հաջողվել է բարելավել եւ ընդլայնել իր թվային բանկինգի հնարավորությունները՝ հաճախորդների համար հասանելիությունը ապահովելու համար: Այս դժվար ժամանակներում մենք շատ հպարտ ենք, որ աջակցում ենք ԱրարատԲանկին եւ Հայաստանում գործող ՄՓՄՁ-ներին` իրենց գործունեությունն ու բիզնեսները վերսկսելու, ինչպես նաեւ աշխատատեղերի ապահովմանը եւ տեղական տնտեսության կայունացմանը նպաստելու գործում»,- ասել է «BlueOrchard»-ի Վարկավորման գծով գլխավոր տնօրեն Նորմունդս Միզիսը։

ԱրարատԲանկ

ԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին եւ ՀՀ բանկային համակարգի առաջատարներից է: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար եւ բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով գերժամանակակից տեխնոլոգիաներ եւ ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով եւ կորպորատիվ կառավարման լավագույն փորձով բանկն ունի 56 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների  հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Ընթացիկ տարում, չնայած գլոբալ մարտահրավերներին, բանկը կարողացավ ապահովել հիմնական ցուցանիշների կայունությունը: Այսպես, իր գործունեության արդյունքում 2020թ․-ի վերջի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 475.3 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 283.4 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 56.6%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (160.3 մլն դոլար), իսկ 46.2%-ը՝ մանրածախ վարկավորմանը (130.9 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 402.0 մլն դոլար: Այստեղ շուրջ 31.7%-ը կամ 127.5 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 22.1%-ը կամ 88.8 մլն դոլարը ժամկետային ավանդներին եւ 22.4%-ը կամ 90.2 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2020թ.-ի ընթացքում բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 18.9 մլն դոլարով (27.0%):

Բանկի ընդհանուր կապիտալը, պայմանավորված ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկմամբ, նախորդ տարվա 77.9 մլն դոլարի համեմատ նվազել է՝ կազմելով 73.2 մլն դոլար: 2020թ.-ի ընթացքում Զուտ շահույթը կազմել է 2.6 մլն դոլար: Չնայած 2020թ.-ի ընթացքում ի հայտ եկած մարտահրավերներին, հաճախորդների միջոցների հնարավոր արտահոսքերի ռիսկերին՝ Բանկին հաջողվել է դեկտեմբերի դրությամբ պահպանել կապիտալի համարժեքության 15.09% եւ ընդհանուր իրացվելիության 24.56% մակարդակ:

Ավելին՝  https://www.araratbank.am եւ  https://www.facebook.com/AraratBankofficial

Դիտում՝ 5045
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW