Համաշխարհային օտարերկրյա ուղղակի ներդրումները կրճատվել են 42%-ով
26.01.2021 | 12:29 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://elegantnewyork.com/

Այս մասին ասված է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցում, որի համաձայն 2019-ին այդ ցուցանիշը կազմել էր $1,5 տրլն:
Ըստ փորձագետների՝ նման ցածր մակարդակ վերջին անգամ գրանցվել էր 1990-ականներին եւ ավելի քան 30%-ով ցածր է 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամին հաջորդած ներդրումների մակարդակից:
Ամենից շատ տուժել են զարգացած երկրները, որտեղ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը նվազել են մոտ 69%-ով եւ կազմել $229 մլրդ:
Օտարերկրյա ներդրումների հոսքերը դեպի զարգացող տնտեսություններ նվազել են 12%-ով եւ կազմել $616 մլրդ, այդ երկրներին բաժին է ընկել համաշխարհային օտարերկրյա ներդրումների 72%-ը՝ պատմության մեջ գրանցված ամենաբարձր ցուցանիշը:
Ըստ UNCTAD-ի՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենախոշոր ստացողների վարկանիշը գլխավորել է Չինաստանը․ հոսքերն այստեղ աճել են 4%-ով` կազմելով $163 մլրդ:
Կանխատեսվում է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը թույլ կմնան նաեւ 2021 թվականին՝ պայմանավորված COVID-19 համավարակի զարգացման անորոշությամբ: Անցյալ տարվա համաշխարհային ներդրումների զեկույցում կազմակերպությունը 2021-ի համար կանխատեսել էր 5-10% նվազում:
«Համավարակի հետեւանքները կշարունակեն իրենց ազդեցությունը թողնել ներդրումների վրա: Ամենայն հավանականությամբ, ներդրողները արտերկրում նոր արտադրական ակտիվներում ներդրումներ կատարելիս զգուշություն կդրսեւորեն»,- ասել է UNCTAD-ի ներդրումային բաժնի տնօրեն Ջեյմս Չժանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: