Հայկական ԱԷԿ-ը պետք է մնա ցածր գներով էներգիայի արտադրության կայուն աղբյուր եւ նպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ ՀԱԷԿ այցելության ընթացքում: «Փոխօգնության, վստահության ու բարեկամության ավանդույթներն են որոշում Ռուսաստանի եւ Հայաստանի այսօրվա հարաբերությունները։ Ընդ որում, ատոմային էներգետիկան մնում է իրապես ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն մեր երկկողմ փոխգործակցության զարգացման համար: Հայկական ԱԷԿ-ի արդիականացման նախագծի հաջող իրականացման կարեւորությունը երբեք կասկածի տակ չի դրվել։ Վերջին երեք տարիների ընթացքում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել։ Դա հնարավոր է դարձել հայ եւ ռուս մասնագետների մասնագիտական վարպետության, համակարգված եւ ամբողջական նվիրումով աշխատելու նրանց ունակության շնորհիվ։ Սակայն աշխատանքների ճակատը մնում է բավական լայն եւ 2021 թվականը պետք է վճռորոշ լինի վերջնական արդյունքի հասնելու ճանապարհին»,- ասել է դեսպանը:Այցի շրջանակում կողմերը նշել են 2020-ին կատարված աշխատանքների հաջող իրականացումը: Հայկական ԱԷԿ-ը պատրաստվել է արդիականացման ավարտական փուլին։ Կայանում կատարվել է նաեւ ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման համակարգի տեղադրման աշխատանք, որն անցել է բոլոր համապատասխան ստուգումներն ու լիովին պատրաստ է շահագործման: Բուն թրծաթողման գործընթացը կիրականացվի այս տարի, ինչը թույլ կտա կայանին աշխատանքը շարունակել նաեւ 2026 թվականից հետո: ՀԱԷԿ-ում աշխատանքների գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է:«Անչափ կարեւորում եմ ռուս գործընկերների հետ ոլորտի զարգացման ուղղությամբ առաջիկայում տարվող համատեղ աշխատանքը։ Ատոմային էներգետիկան այսօր թույլ տալիս է ապահովել Հանրապետության էներգետիկ անվտանգության եւ անկախության պատշաճ մակարդակը»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը։ Նախարարը հիշեցրել է նաեւ, որ տարեսկզբին ՀՀ կառավարությունը հաստատել է մինչեւ 2040 թվականը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը: «Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն է 2026 թվականից հետո. կառավարությունը մտադիր է կայանի շահագործումը երկարաձգել առնվազն մինչեւ 2036 թվականը: Միեւնույն ժամանակ զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է»,- ասել է նախարարը: Tweet Դիտում՝ 2899