ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ մարտի 20-ից հարկ վճարողներից կգանձվեն արտակարգ դրության ժամանակ դադարեցված մինչեւ 1,5 միլիոն դրամ պարտավորությունները:Համավարակի տարածմամբ պայմանավորված՝ դեռեւս 2020-ի ապրիլին ՊԵԿ-ը հայտարարել էր, որ ընդառաջելով հարկ վճարողներին, արտակարգ դրության ժամանակ եւ դրանից հետո անորոշ ժամկետով չի իրականացնելու մինչեւ 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման իր հայեցողական լիազորությունը, քանի որ այդ շրջանում արգելվել էր մի շարք տնտեսական գործունեության տեսակների իրականացումը: Տեղեկացվել էր նաեւ, որ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ավարտից հետո մինչեւ 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման վերաբերյալ փոփոխության մասին կներկայացվի լրացուցիչ տեղեկատվություն։«2020-ի սեպտեմբերի 11-ից ավարտվել է ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը։ ՊԵԿ-ը 2020-ի ապրիլի 27-ից ի վեր չի ձեռնարկել 1,5 միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների հարկադիր գանձման միջոցներ։ Այսինքն, չեն կայացվել այդ պարտավորությունների վերաբերյալ գանձման որոշումներ եւ չեն ներկայացվել հարկադիր կատարման ծառայություն, որի պարագայում պետք է արգելադրվեին հարկ վճարողների դրամական միջոցները եւ գույքը, որից հետո միջոցներ ձեռնարկվեին դրանց վրա բռնագաձում տարածելու համար։Ներկայումս առկա են տարբեր ժամանակաշրջաններում առաջացած՝ 1,5 միլիոն դրամը չգերազանցող շուրջ 44 000 պարտավորություններ։ Դրանք վերաբերվում են շուրջ 27 400 հարկ վճարողների, այդ պարտավորությունների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 4,9 մլրդ դրամ։ Նկատի ունենալով, որ բազմաթիվ հարկ վճարողներ, օգտվելով ընձեռված հնարավորությունից, կամովին չեն կատարում իրենց պարտավորությունները եւ հաշվի առնելով հարկային պարտավորությունների հավաքագրման կարեւորագույն հանրային նշանակությունը, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2021-ի մարտի 20-ից վերսկսվելու են մինչեւ 1,5 միլիոն դրամ պարտավորությունների գանձման աշխատանքները: Մասնավորապես՝ չվճարված պարտավորությունների առկայության դեպքում, եթե այդ պարտավորությունների չափը կգերազանցի 200 հազար դրամը կամ այն չգերազանցելու դեպքում դրանց առաջացման օրվանից հետո անցած կլինի երկու ամսից ավելի, ՊԵԿ-ից կհարուցվեն չվճարված պարտավորությունների գանձման վարչական վարույթներ, կկայացվեն համապատասխան որոշումներ եւ դրանց հարկադիր կատարման ուղղությամբ կիրականացվեն օրենքով սահմանված համապատասխան գործողություններ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2651