Alrosa-ի հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու առաջարկ է ներկայացվել

18.01.2021 | 14:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #ադամանդագործություն #ոսկերչություն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 16-ին հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանի ադամանդագործության եւ ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Ներկայացնելով ադամանդագործության ոլորտի խնդիրները՝ ADM Diamonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը շեշտել է ոլորտի զարգացման կարեւորությունը Հայաստանի համար։

Նախարարությունից հայտնում են, որ Alrosa ընկերության հետ համագործակցությունն արդյունավետ դարձնելու համար առաջարկվել է ստեղծել կառավարության եւ արտադրող ընկերությունների բաժնեմասերով կազմակերպություն, որը հանդես կգա որպես խոշոր գնորդ եւ ի վիճակի կլինի Alrosa ընկերությունից միանգամից ձեռք բերել հայկական ընկերություններին անհրաժեշտ հումքի ամբողջ խմբաքանակը։

Բարձրաձայնվել են նաեւ Ռուսաստանի Գոխրանի հետ ավելացված արժեքի հարկի մասով խնդիրները, ներմուծման եւ արտահանման ընթացակարգերի կանոնակարգման անհրաժեշտությունը: Առաջարկվել է ստեղծել ադամանդագործության եւ ոսկերչության կոոպերացիա։



Ոսկերչության մասով որպես կարեւոր առաջարկ նշվել է ոլորտը ավելացված արժեքի հարկից ազատելը կամ ցածր տոկոսադրույք սահմանելը, ինչը, քննարկման մասնակիցների կարծիքով, կարող է նպաստել, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները դուրս գան ստվերից առանց հավելյալ հարկային բեռի։

Վահան Քերոբյանը նշել է, որ մեծ ներուժ եւ զարգացման հեռանկար է տեսնում ադամանդագործության եւ ոսկերչության ոլորտների համար:

Նա հավաստիացրել, որ նախարարությունը պատրաստ է լսել, քննարկել եւ համատեղ ուժերով լուծել ոլորտի խնդիրները։

«Հայաստանի ապագան երկար արժեքային շղթաների ու բարդ ապրանքների մեջ է եւ ոսկերչությունն ու ադամանդագործությունը դրա ամենալավ օրինակներից են»,- ասել է Վահան Քերոբյանը։
Դիտում՝ 1904
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW